Submitted by D.Guyumjyan on
detq

Իսրայելը կզղջա իր կատարած հանցագործության համար․ Իրանի ԱԳՆ

Իրանի Իսլամական Հանրապետությունը խոստանում է, որ վճռականորեն, մեծագույն իմաստնությամբ և խորաթափանցությամբ «կստիպի սնանկ սիոնիստական վարչակազմին զղջալ իր կատարած նոր հանցագործության համար»։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտարարություն է տարածել Իրանի արտաքին գործերի նախարարությունն՝ անդրադառնալով Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը հասցված օդային հարվածին։

«Ահաբեկչական այդ հարձակումը վկայում է սիոնիստական վարչակազմի մոտ ձևավորված հուսահատության զգացման, անօգնականության և ռազմավարական շփոթմունքի մասին։ Այդ ամենը Գազայի հատվածում կրած ռազմական, քաղաքական և բարոյական պարտության հետևանք է», - հայտնել են Թեհրանից։

Ավելի վաղ էլ Իրանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Նասիր Քանանին էր ընդգծել է, որ հարձակման չափերը հետաքննվում են, և դրա հետևանքների պատասխանատվությունը կրում է ագրեսոր Իսրայելը։ «Իրանի Իսլամական Հանրապետությունը, իրեն վերապահելով հակաքայլեր ձեռնարկելու իր իրավունքը, որոշում է ագրեսորի արձագանքի և պատժի տեսակը»,- հավելել էր նա։

#Դետքի_հետագծով

Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել էին Իրանի ամենաազդեցիկ ուժային կառույցներից մեկի՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» յոթ բարձրաստիճան սպաներ։ Ներկայումս իրանական կողմը քննարկում է Իսրայելին հակահարված հասցնելու հնարավորությունը՝ միևնույն ժամանակ ձգտելով այնպես անել, որ դա չվերածվի տարածաշրջանային լայնամաստաբ պատերազմի։

Add new comment