Submitted by D.Guyumjyan on
դետք

Իրանի և Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են Գազայի ճգնաժամը

Իրանի Իսլամական Հանրապետության և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Սամեհ Շուքրին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներն ու Գազայում ստեղծված ճգնաժամը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ նախարարներն անդրադարձել են երկկողմ հարաբերություններում վերջին ամիսների ընթացքում տեղի ունեցած դրական զարգացումներին, Ժնևում կայացած հանդիպման արդյունքներին և ընդգծել երկու երկրների ղեկավարների քաղաքական կամքը՝ ընդլայնելու հարաբերությունները։  

Ռիադում Իրանի և Եգիպտոսի նախագահների կարևոր հանդիպումից հետո կողմերը պայմանավորվել են շարունակել շփումներն ու հանդիպումները հարաբերությունները զարգացնելու նպատակով։

Սամեհ Շուքրին և Ամիր Աբդոլլահիանն անդրադարձել են Գազայի վրա սիոնիստական ռեժիմի վերջին հարձակմանը և մտահոգություն հայտնել պաղեստինցի կանանց, երեխաների և խաղաղ բնակիչների շարունակական սպանությունների ու մարդասիրական ծանր իրավիճակի կապակցությամբ։ Նախարարներն ընդգծել են նաև Գազայի վրա իսրայելական ռեժիմի հարձակումները դադարեցնելու, ՄԱԿ-ի ԱԽ վերջին բանաձևը գործադրելու և Գազայի հատված մարդասիրական օգնություն ուղարկելու անհրաժեշտությունը։

Դատապարտելով Գազայի հատվածից պաղեստինցիներին բռնագաղթի ենթարկելու Իսրայելի ծրագրերը՝ կողմերն ընդգծել են միջազգային կազմակերպությունների կողմից Իսրայելի ռեժիմի ներխուժումը Ռաֆահ կանխելու անհրաժեշտությունը։
 
Աբդոլլահիանը բարձր է գնահատել նաև ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի ղեկավար Իսմայիլ Հանիեի և Պաղեստինի «Իսլամական ջիհադ» շարժման  գլխավոր քարտուղար Զիադ Նախալեի վերջին պաշտոնական այցը Թեհրան։

#Դետքի_հետագծով

Չնայած բազմաթիվ միջազգային ճնշումներին` Իսրայելի իշխանությունները հրաժարվում են Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելուց և էլ ավելի են ընդլայնում դրա աշխարհագրությունը։ Այս համատեքստում Իրանն իր հերթին մեծացնում է ջանքերը, որպեսզի Իսրայելի նկատմամբ լրացուցիչ ճնշում ապահովի։

Add new comment