Իսրայելը կարծում է, որ Իրանն առաջիկա ժամերին կարող է հարձակվել իր վրա
Իսրայելի իշխանությունները կարծում են, որ Իրանն առաջիկա ժամերին կարող է հարձակվել երկրի տարածքի վրա։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ հղում անելով ամերիկացի անանուն պաշտոնյաների։
Հաղորդվում է, որ հարձակումը կկատարվի ի պատասխան Սիրիայում իրանական հյուպատոսարանի ուղղությամբ իսրայելցի զինվորականների ավիահարվածի: ԱՄՆ-ն մտավախություն ունի, որ դրանով կարող է սրվել իրավիճակը։
Նշվում է, որ Իրանը պատրաստվում է հարյուրավոր անօդաչու սարքերով և հրթիռներով հարձակվել Իսրայելի տարածքի վրա։
Ըստ լրատվամիջոցների՝ Իսրայելի ռազմական ուժերը գտնվում են մարտական պատրաստության վիճակում, տարածաշրջանում GPS ազդանշանի խափանումներ են նկատվում:
Բացի դրանից` Մերձավոր Արևելքում ծառայած, ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Ռալֆ Գոֆը Դամասկոսում իրանական հյուպատոսության վրա Իսրայելի հարձակումը անվանել է «աներևակայելի անխոհեմ արարք»։ Նա ենթադրել է, որ Իրանի պատասխան գործողությունները կարող են ազդել նաև տարածաշրջանում ամերիկյան ռազմական ուժերի վրա:
#Դետքի_հետագծով
Իսրայելը հարվածել էր Դամասկոսում Իրանի հյուպատոսության շենքին, ինչի հետևանքով զոհվել էր 13 մարդ, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երկու գեներալ։ Ներկայումս Իրանը քննարկում է Իսրայելին պատասխան հարվածներ հասցնելու տարբերակները՝ ձգտելով միևնույն ժամանակ թույլ չտալ, որ դրանք հանգեցնեն տարածաշրջանային լայնածավալ պատերազմի։
Add new comment