6845

Անհայտ անձինք հրկիզել են Ֆրեզնոյի «Արարատ» հայկական գերեզմանատունը, որտեղ թաղված են Թեհլերյանն ու Սարոյանը

Ապրիլի 12-ի երեկոյան անհայտ անձինք հրկիզել են Ֆրեզնոյում (Կալիֆորնիա, ԱՄՆ) «Արարատ» հայկական գերեզմանատունը, հայտնում է «Զարթոնք»-ը։

Ուրբաթ երեկոյան գերեզմանատան գլխավոր մուտքի մոտ ութ ծառ է հրկիզվել։ Այս մասին օպերատիվորեն տեղեկացրել են ոստիկաններին ու հրշեջներին։ Առայժմ ոչ ոք չի ձերբակալվել հրկիզման կասկածանքով։

Պարբերականի տվյալներով, այս տարվա հունվարից ի վեր սա վեցերորդ հրկիզումն է գերեզմանատանը, որը հիմնադրվել է 1885 թվականին։ Միջադեպերի հետևանքով այրվել է 19 նոճի։

Վարչակազմը մտահոգված է միջադեպերով, քանի որ դրանք համարում է նպատակային հարձակումներ։

Հիշեցվում է, որ այս գերեզմանատանը թաղված են բազմաթիվ հայ ականավոր գործիչներ, այդ թվում՝ Սողոմոն Թեհլերյանը, Վիլյամ Սարոյանը, Վիկտոր Մաղաքյանը և այլոք։

Վարչակազմը չի բացառել, որ հրկիզումը կապված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առաջիկա օրվա հետ, որը նշվում է ամեն տարի ապրիլի 24-ին։

Նախնական տվյալներով, ծառերի փոխարինումը կարժենա մոտավորապես 25 հազ․ դոլար։

 

Add new comment