4

Միջազգային դատարաններում թղթե սուսերով մենամարտերը նպաստում են հարաբերությունների սրմանը և լարվածության աճին․ քաղաքագետ

Այն ժամանակն ու ռեսուրսները, որը այժմ և նախորդ երկու երեք տարիների ընթացքում ծախսվել են միջազգային դատարաններում ընդդեմ Ադրբեջանի, զրո արդյունք են ունեցել և կունենան նաև մոտակա ժամանակներում: Այս մասին գրել է քաղաքագետ Գարիկ Քեռյանը։

«Ալիևի վարչակարգը, ինչպես ցույց տվեցին իրադարձությունները, պարզապես անտեսում և աղբանոց է նետում միջազգային դատարանների բոլոր որոշումները: Դեռ ավելին` այժմ, երբ սահմանագծման և սահմանազատման աշխատանքները և դրանց շուրջ բանակցությունները ըստ էության մտել են փակուղի, և կոնֆլիկտայնությունը հասել է նախապատերազմական իրավիճակի, միջազգային դատարաններում թղթե սուսերով մենամարտերը նպաստում են հարաբերությունների սրմանը և լարվածության աճին:

Իմ տպավորությունն այն է, որ ադրբեջանական կողմին երբեմն էլ հաջողվում է գործընթացն ուղղել Հայաստանի դեմ: Միջազգային դատարաններում գնալ-գալը, մասնագետներ և կողմնակիցներ հավաքագրելը, լոբբինգը և այլն, թանկ հաճույք են: Եթե որևիցե անգամ միջազգային արդարադատության կամ քրեական դատարանների հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ թեկուզ մի որոշում կատարվել է, ես անմիջապես կհրաժարվեմ իմ կարծիքից: Արժե արդյոք մեր հրատապ լուծումներ պահանջող խնդիրները թողած` շրջագայել այնտեղ, որտեղ վաղուց արդեն ոչ մի հարց էլ չի լուծվում, ընդհակառակը, ավելի է բարդացնում իրավիճակը:

Միջազգային հարաբերությունների և համաշխարհային քաղաքականության ցանկացած միջին մակարդակի մասնագետ կասի, որ միջազգային իրավունք երևի թե մի երեսուն տարի է, որ գոյություն չունի: Հայ ժողովուրդը շատ լավ գիտի այդ մասին իր դառը փորձից: Հիմա դիտում եմ Արդարադատության միջազգային դատարանի նիստը, ելույթները, պաթոսը, դատավորների լուրջ և մտահոգ դեմքերը, Եղիշե Կիրակոսյանի և մեր կողմից հանդես եկող մյուս իրավաբանների փայլուն և ջախջախիչ ելույթները և մտորում եմ` վերջն ինչ է լինելու»,- նշել է քաղաքագետը:

Add new comment