Հնչում է այսպես. Սիրելի երևանցիներ, ադրբեջանցիներին բնակեցնելու ենք ոչ թե քաղաքի կենտրոնում այլ Կոմիտասում կամ Քանաքեռում
ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը գրում է. «Այսօր ոսկեպարցիների հետ հանդիպմանը թավշյա իշխանությունները հայտարարել էին, որ ադրբեջանցիները համաձայնության են եկել ոչ թե ճանապարհի երկայնքով, այլ գետի մոտ տեղակայվելու հետ կապված, և ընդհանրապես թավշյա իշխանությունը երաշխավորում է (պարզվում է՝ նրանք դեռ ի վիճակի են ինչ որ բան երաշխավորել, բացի Հայաստանի համակարգված ոչնչացումը) 90% - ով, որ «հայկական տարածքները փոխանակվելու են և վերադաձվելու են», և ընդհանրապես պետք է այլընտրանքային ճանապարհ կառուցել։
Տպավորություն է ստեղծվում, որ ծածուկ փորձեր են տեղի ունենում` «փափուկ բարձ» դնելու «հպարտ քաղաքացիների» գլխի տակ։
Ի՞նչ գետ: Ի՞նչ «90 տոկոս երաշխիք» (միանգամից հիշեցի «Իսկանդերները», որոնք պայթում են 10 տոկոսով), որ օկուպանտները գրողի ծոցը կհեռանան հայկական տարածքներից։
Ի՞նչ այլընտրանքային ճանապարհ:
Հիմա հերթով:
Այսինքն, ստացվում է, որ հայկական իշխանությունն, այնուամենայնիվ, որոշել է միակողմանիորեն հանձնել հայկական տարածքները, գրողի ծոցն ուղարկել Հայաստանի հյուսիսի անվտանգության ողջ ճարտարապետությունը՝ փոխարենը Ադրբեջանից իբր զիջումներ ստանալով, վերջինիս համաձայնության տեսքով, տեղակայվել հայկական տարածքում, բայց «գետի մոտ», այսինքն՝ գյուղից հարյուր մետր հեռավորության վրա:
Իսկ ի՞նչ կլինի ոսկեպարցիների հետ, որոնք ուղղակի ընկնում են թուրք-ադրբեջանական ավազակախմբերի ուղիղ նշանառության տակ։
Ի՞նչ կլինի տավուշցիների հետ, եթե, այսպես կոչված, «Ադրբեջանի գլխավոր դատախազությունն» արդեն հետախուզում է հայտարարել Ոսկեպարի և հարակից գյուղերի բազմաթիվ բնակիչների նկատմամբ:
Ինչպե՞ս հասկանալ հայկական տարածքների դեօկուպացիայի «90% տոկոսային» վստահությունը՝ պայմանով, որ Տավուշում հայկական տարածքները 100% - ով հանձնվեն թշնամուն։
Եվ ի վերջո, եթե իշխանությունը որոշել է թշնամիներին տեղավորել «գետի մոտ», այլ ոչ թե ճանապարհի, ապա ինչո՞ւ կառուցել այլընտրանքային ճանապարհ։
Սա ինչ-որ ադրբեջանամետ սյուրռեալիզմ է, որը դարձել է Հայաստանի պետական քաղաքականություն։
ՀԳ․ Որ ավելի հասկանալի լինի այս աբսուրդը, համեմատության մեջ մոտավորապես այսպես է հնչում. Սիրելի երևանցիներ, մենք ադրբեջանցիներին Երևանում բնակեցնելու ենք ոչ թե քաղաքի կենտրոնում, այլ Կոմիտասում կամ Քանաքեռում։ Սա մեծ հաղթանակ է, քանի որ Ադրբեջանը զիջումների է գնացել։
Հասկանո՞ւմ եք, թե ինչ է կատարվում»։
Add new comment