Submitted by detq-editor on
Թեհրանը պատրաստ է մարդասիրական օգնության խմբեր ուղարկել Իդլիբ

Թեհրանը պատրաստ է մարդասիրական օգնության խմբեր ուղարկել Իդլիբ

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Թեհրանը մարդասիրական օգնության հետ միասին պատրաստ է անհապաղ օգնության խմբեր ուղարկել Իդլիբ: Ինչպես հաղորդում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը, Աբդոլլահիանն այս մասին ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Սպոլյարիչ Էգգերի հետ հեռախոսազրույցի ընթացքում։

 

Նա նշել է, որ Իրանը տարբեր միջոցներ է ձեռնարկել Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժից տուժած անձանց օգնելու համար. այդ միջոցառումները ներառում են փրկարարական խմբերի ուղարկում Թուրքիա և Սիրիա,  բացի դրանից՝ Իրանը պատրաստ է իր հիվանդանոցներում բուժել վիրավոր քաղաքացիներին։

 

Իրանցի բարձրաստիճան դիվանագետը Սիրիայում հումանիտար իրավիճակը որակել է բարդ։ Նա ընդգծել է միջազգային կազմակերպությունների կողմից երկրում ստեղծված հատուկ իրավիճակին ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը։

 

Աբդոլլահիանի խոսքով՝ հակասիրիական պատժամիջոցների պատճառով երկրաշարժից հետո սիրիացի ժողովրդի վիճակն էլ ավելի է վատացել։ Նա նշել է, որ սիրիական Իդլիբ նահանգում հումանիտար իրավիճակը ճգնաժամային է, իսկ զոհերի ու կորուստների թիվը՝ մեծ։

 

Իրանի գլխավոր դիվանագետը շեշտել է, որ երկիրը պատրաստ է անհապաղ օգնություն ուղարկել Իդլիբ։ Նա հույս է հայտնել, որ ԿԽՄԿ-ն անհրաժեշտ համակարգում կկատարի Իրանի Կարմիր մահիկի ընկերության հետ՝ օգնությունն Իդլիբ ուղարկելու և բաշխելու նպատակով, որը ներկայումս Սիրիայի կառավարության վերահսկողությունից դուրս է գտնվում։

 

 

Add new comment