Իրանն արձագանքել է ԱՄՆ նոր հակաիրանական պատժամիջոցներին
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին արձագանքել է ԱՄՆ նոր հակաիրանական պատժամիջոցներին։ Ինչպես հայտնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը, Քանաանին ասել է, որ պատժամիջոցներն անօրինական կերպով ուղղված են եղել իրանական մի քանի ընկերության դեմ:
Քանաանին շեշտել է, որ Բայդենի վարչակազմի կողմից պատժամիջոցների կիրառումը, ինչպես Թրամփի ժամանակաշրջանի ձախողված քաղաքականությունը, միայն ստիպում է Իրանին վճռականորեն և ջանասիրաբար հետամուտ լինել իր ազգային զարգացման նպատակներին և օգտագործել իր օրինական ու անվիճելի իրավունքները։
Պաշտոնյան հայտնել է, որ ԱՄՆ-ի կողմից շարունակաբար ապօրինի և միակողմանի պատժամիջոցների կիրառումը ցույց է տալիս Իրանի դիրքորոշման օրինականությունը և ԱՄՆ չարամտությունն ու կեղծավորությունն Իրանի միջուկային գործարքի նկատմամբ։ «Անկասկած, Իրանի Իսլամական Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում հակազդել նման գործողություններին»,- ասել է նա։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների է ենթարկել ինը ընկերության, որոնք, ամերիկյան կողմի պնդմամբ, նախկինում պատժամիջոցների ենթարկված Հոնկոնգյան ընկերության միջոցով օգնել են տեղափոխել հարյուր միլիոնավոր դոլարներ արժողությամբ իրանական նավթամթերքները և նավթաքիմիական ապրանքները:
Add new comment