Submitted by D.Guyumjyan on
detq

Իրան-Իսրայել լարվածությունը չպետք է ուշադրությունը շեղի Գազայում տիրող իրավիճակից. Հաքան Ֆիդան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իրան-Իսրայել լարվածությունը չպետք է ուշադրությունը շեղի Գազայում տիրող իրավիճակից։ Ըստ «Դետք»-ի՝ թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը հայտնում է, որ այս մասին նա ասել է Ստամբուլում Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրիի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Ֆիդանը շեշտել է, որ միջազգային հանրության առաջնահերթությունը պետք է լինի Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքների օկուպացման դադարեցումը։

Եգիպտոսի արտգործնախարարը նույնպես Իրանին և Իսրայելին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել։ Ըստ նրա՝ տարածաշրջանում շարունակվող էսկալացիայի պայմաններում մեծ անհանգստություն կա:

«Մենք հենց սկզբից զգուշացրել ենք հակամարտության ընդլայնման մասին։ Մենք երկու կողմերին կոչ ենք արել զսպվածություն ցուցաբերել»,- նշել է նա։

Հաքան Ֆիդանն իր հերթին ասել է, որ Մերձավոր Արևելքում անկայունության հիմնական պատճառն Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքների օկուպացումն է և Արևմուտքի աջակցությունն այդ երկրին։

«Ցանկացած իրադարձություն, որը կարող է մեզ շեղել այս փաստից, պետք է անտեսել։ Մեր առաջնահերթությունը պետք է լինի Պաղեստինի՝ իսրայելական օկուպացիան դադարեցնելը և երկու պետություն ստեղծելը»,- հայտարարել է Ֆիդանը:

Նա հավելել է, որ ինքը և Շուքրին քննարկել են նաև Գազա ավելի շատ մարդասիրական օգնություն հասցնելու ջանքերը:

 

Add new comment