սավ

Փաշինյանի ուղերձում չկար ոչ մի հղում, որ Հայոց ցեղասպանությունը հանցագործություն է և որ իրականացվել է Թուրքիայի կողմից

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր` ապրիլի 24-ի առավոտյան իր ուղերձը հղեց Հայոց  ցեղասպանության 109-րդ տարելիցի առթիվ: Պետության ղեկավարի ուղերձում, սակայն, որոշ ձևակերպումներ տարակուսանք են առաջացրել հասարակության շրջանում: 

Պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանը նկատել է, որ վարչապետը իր այսօրվա ուղերձում 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն և 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները։ «Ուղերձում բացակայում է ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հարցը, չկա իրավական գնահատական, չի խոսվում դրա հանցավորության մասին, իսկ Օսմանյան կայսրության պետական ապարատի կողմից իրականացված ցեղասպանությունը ներկայացվում է, որ հայերը պարզապես սպանվել են Օսմանյան կայսրությունում։ Փոխարենը կա միտք, որ գուցե հենց սրա պատճառով է, որ անընդհատ ենթարկվում ենք նոր ցնցումների»։ 

Թուրքագետ Մհեր Աբրահամյանն էլ ու «խայտառակ» է անվանել Փաշինյանի ուղերձը` նկատելով, որ այն ամբողջովին պրոթուրքական է, չկա ոչ մի հղում, որ Հայոց ցեղասպանությունը հանցագործություն է, չկա ոչ մի հղում, որ դա իրականացվել է թուրքական պետական ապարատի կողմից:  «Անընդհատ շեշտվում է մեծ եղեռն տերմինը, չկա ճանաչմանը միտված որևէ գործընթացի հղում, տեքստից զգում ես, որ դու հոգեցունց ես եղել և հենց դու ես մեղավոր ցեղասպանվելու համար: Սա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Հայոց Ցեղասպանության օրվա առթիվ` արված Հայաստանի ղեկավարի կողմից: Հայաստանը տանուլ է տվել և տալիս բոլոր ուղղություներով»,- իր տելեգրամյան ալիքում գրել է նա

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն էլ ուշադրություն է հրավիրել Փաշինյանի ուղերձի այն հատվածին, որտեղ նա ասում է. «Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետեւ գտել ենք այդ հայրենիքը»:  «Թվում է, թե ասվածը իրավացի է ու ռացիոնալ: Բայց, առաջին հայացքից, որովհետեւ խորքային առումով ըստ էության նեղացնում եւ պարզունակացնում է ցեղասպանության հարցը: Ստացվում է, որ ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման խնդիրը «հայրենիքի փնտրտուք» է, այսինքն՝ «հետ տվեք մեր հողերը»: Իհարկե, հնարավոր է հանրային տարբեր շերտերում կա այդ ընկալումը: Որեւէ հասարակություն որեւ հարցի հանդեպ միատար չէ: Պետությունը հենց նրա համար է, որ կարողանա ձեւավորել, մշակել, ձեւակերպել եւ սպասարկել հավաքական քաղաքականությունը, զատելով այն տարատեսակ զգայական ընկալումներից, լինելով ռացիոնալության ֆիլտրը: Այդ տեսանկյունից, ցեղասպանությունը բոլորովին էլ «հայրենիքի փնտրտուքի» հարց չէ, այլ իրավունքի պաշտպանության, իրավունքի փնտրտուքի: Իսկ այդ իմաստով, խոսքը իրավունքի բավականին բարդ եւ բազմաշերտ համակարգի մասին է, որը միայն անճարությունից է, այլ ոչ թե ինքնիշխանության մղումից, որ պետական մակարդակում հնարավոր է բերել ու հասցնել «հայրենիքի փնտրտուքի» իմաստի»,- նշել է Բադալյանը:
 

 

Add new comment