Submitted by D.Guyumjyan on
detq

ԵՄ ԱԳ նախարարները պայմանավորվել են ընդլայնել Իրանի դեմ պատժամիջոցները

Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարները համաձայնել են ընդլայնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները Իսրայելի վրա Թեհրանի հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հաղորդում է բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է նաև, որ ԵՄ-ն ձգտում է կանխել Իրանի կողմից Ռուսաստանին հրթիռների հնարավոր փոխանցումը, որոնք այդ երկիրը մտադիր է օգտագործել Ուկրաինայի դեմ պատերազմում։

«Մենք քաղաքական համաձայնություն ենք ձեռք բերել, որպեսզի ընդլայնենք անօդաչուների նկատմամբ գործող պատժամիջոցների ռեժիմը և այն տարածենք հրթիռների ու Ռուսաստանին դրանց հնարավոր մատակարարումների վրա»,- ասել է Բորելը։

Եվրոպացի պաշտոնյան հավելել է, որ ԵՄ-ն նաև կընդլայնի սահմանափակող միջոցառումների աշխարհագրությունը, որպեսզի դրա տակ ընկնեն անօդաչուների և հրթիռների մատակարարումները ոչ միայն Ռուսաստանին, այլև տարածաշրջանի միջնորդ երկրներին։

Նշվում է, որ Եվրամիությունն արդեն ունի պատժամիջոցների բազմաթիվ ծրագրեր Իրանի դեմ զանգվածային ոչնչացման զենքերի տարածման, մարդու իրավունքների ոտնահարման և Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր մատակարարելու համար։ Միևնույն ժամանակ ԵՄ մի քանի երկրներ կոչ են արել ընդլայնել անօդաչու թռչող սարքերի հետ կապված պատժամիջոցների ռեժիմը։

Add new comment