Արաբական պետությունների լիգա, Իսլամական կոնֆերանս
Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) միջազգային կազմակերպություն է, որը միավորում է 20 երկիր: 1945 թ. մարտի 22-ին Կահիրեում Եգիպտոսը, Իրաքը, Լիբանանը, Սաուդյան Արաբիան, Սիրիան, Անդրհորդանանը և Եմենը ստորագրեցին համաձայնագիր Արաբական պետությունների լիգայի ստեղծման մասին: Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Անգլիան, հաշվի առնելով արաբական երկրների միավորվելու ձգտումը, որոշեց ստեղծել մի այնպիսի կառույց, որը կմիավորեր արաբական երկրները, կլիներ իր վերահսկողության ներքո և կծառայեր որպես հենարան Մերձավոր Արևելքում անգլիական քաղաքականության համար։
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Իդենը 1941 և 1943 թվականներին արաբական երկրների ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ նշել էր, որ Անգլիան պատրաստ է աջակցել ցանկացած նախագծի, որն ուղղված կլինի արաբական միասնությանը։ Իդենի նման հայտարարությունից հետո՝ 1943 թվականին, արաբական երկրների կառավարությունները ձեռնամուխ եղան Արաբական միության ստեղծման բանակցություններին։ 1944 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Ալեքսանդրիայում տեղի ունեցավ համաժողով արաբական 7 երկրի մասնակցությամբ, որի ընթացքում որոշվեց ձևավորել Արաբական պետությունների լիգան՝ որպես անկախ պետությունների արտաքին քաղաքականության բլոկ։ 1945 թվականին Կահիրեում կայացած համաժողովի ժամանակ ստորագրվեց Լիգայի կանոնադրությունը, որով և սկիզբ դրվեց նրա գործունեությանը։
Արաբական պետությունների լիգայի անդամ պետությունները զբաղեցնում են 13.000.000 քառ. կմ տարածք և գտնվում են երկու մայրցամաքում՝ Աֆրիկա և Ասիա։ 1945 թվականին նրա կազմում նախապես եղել է վեց անդամ պետություն, իսկ ներկայումս Արաբական լիգան զբաղեցնում է 14 մլն քառ. կմ տարածք, նրա կազմում են 22 անդամ պետություն և 5 դիտորդ պետություն։ Այժմ 22 անդամներից երեքն Աֆրիկայի տարածքի ամենամեծ պետություններից են (Սուդան, Ալժիր և Լիբիա), ինչպես նաև Մերձավոր Արևելքի ամենամեծ պետությունը՝ Սաուդյան Արաբիան։
Արաբական լիգայի ինստիտուտներից մեկը Պաշտպանական խորհուրդն է: Պաշտպանության խորհուրդը ստեղծվել է 1950 թվականին Համատեղ պաշտպանության և տնտեսական համագործակցության պայմանագրի հիման վրա, որով համաձայնեցվում էր Արաբական պետությունների լիգայի անդամ պետությունների համատեղ պաշտպանությունը: Արաբական լիգան՝ որպես կազմակերպություն, չունի զինվորական ոչ մի ուժ, ինչպես ՄԱԿ-ը կամ ԵՄ-ն, բայց 2007 թվականի գագաթնաժողովին որոշում կայացվեց ստեղծել պաշտպանական ուժեր և խաղաղապահ առաքելություններ իրականացնել Հարավային Լիբիայում, Դարֆուրում, Իրաքում և այլ թեժ կետերում։
2015 թվականին Եգիպտոսում կայացած գագաթնաժողովին անդամ պետությունները համաձայնեցրին սկզբունքները, որոնց հիման վրա պետք է ստեղծվեին միասնական ռազմական ուժերը։ Ըստ կանոնադրության՝ ԱՊԼ-ի գլխավոր նպատակն էր անդամ երկրների միջև կապերի ամրապնդումը, նրանց անկախության և սուվերենության պահպանումը, արաբական երկրներին հուզող հարցերի և խնդիրների լուծումը։ Հարկ է նշել, որ ԱՊԼ-ի՝ անկախության և սուվերենության պահպանման դրույթը գործնական կիրառություն չստացավ նրա գործունեության հենց սկզբից։ Ընդհակառակը, նրա որոշումները, որպես կանոն, թելադրված էին բրիտանական իմպերիալիզմի կողմից։ Դրա վառ օրինակն էր սիրիա-լիբանանյան հարցում ընդունած որոշումը (1945 թվականի հուլիս), ըստ որի՝ լիգան պահանջեց Ֆրանսիայի զորքերի անհապաղ դուրսբերումը Սիրիայից և Լիբանանից, սակայն նույնը չպահանջեց անգլիական զորքերից։ Ինչ վերաբերում է պաղեստինյան խնդրին, ապա այս հարցի շուրջ ընդունած բազմաթիվ որոշումներում լիգան իր ուշադրությունը կենտրոնացրել էր միայն սիոնիզմի դեմ պայքարի վրա՝ անուշադրության մատնելով արաբների՝ բրիտանական իմպերիալիզմի դեմ ուղղված բողոքները։
1947 թվականի դեկտեմբերին Կահիրեում տեղի ունեցավ ԱՊԼ անդամ երկրների համաժողով, որն ընթացավ բավական լարված մթնոլորտում։ Արդյունքում որոշվեց հակազդել Պաղեստինում հրեական պետություն ստեղծելու գործընթացին և պաշտպանել Պաղեստինի ամբողջականությունը։ Իսրայել պետության հռչակումից հետո, հենց ԱՊԼ-ի ընդունած որոշմամբ առաջնորդվելով, արաբական երկրները պատերազմ սկսեցին Իսրայելի դեմ։
2011 թվականի փետրվարի 22-ին՝ Լիբիայի քաղաքացիական պատերազմի սկսվելուց և խաղաղ բնակչության դեմ ռազմական ուժ կիրառելուց հետո, Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ամր Մուսսան հայտարարել է, որ Լիբիայի անդամակցությունը կասեցվում է. «Կազմակերպությունը որոշել է դադարեցնել լիբիական պատվիրակությունների մասնակցությունն Արաբական լիգայի բոլոր նիստերին»: Այդպիսով Լիբիան դարձել է երկրորդ երկիրը, որի անդամակցությունը դադարեցվել է լիգայում։
Լիբիայի առաջնորդ Մուամմար ալ-Կադդաֆին նշել է, որ լիգայի որոշումն անօրինական է՝ հայտարարելով. «Արաբական լիգայի պատմությունն ավարտված է։ Չկա այլևս Արաբական լիգան»։ 2011 թվականի օգոստոսի 25-ին գլխավոր քարտուղար Նաբիլ ալ-Արաբին հայտարարել է, որ «ժամանակն» է, որպեսզի վերականգնվի Լիբիայի լիիրավ անդամի կարգավիճակը։ Ազգային անցումային խորհուրդը, որը ճանաչվել էր որպես Լիբիայի ժամանակավար կառավարություն, օգոստոսի 17-ի նիստին ներկայացուցիչ ուղարկեց, որը պետք է մասնակցեր կազմակերպություն Լիբիայի վերադառնալուն նվիրված քննարկմանը:
2011 թվականի սեպտեմբերի 20-ին Արաբական խորհրդարանն առաջարկեց ժամանակավորապես դադարեցնել Սիրիայի և Եմենի անդամակցությունը՝ կապված Արաբական գարնան իրադարձությունների հետ, քանի որ այդ երկրներում բռնաճնշումներ էին կատարվում քաղաքական ընդդիմադիրների և ցուցարարների նկատմամբ։ Նոյեմբերի 12-ին տեղի ունեցած քվեարկության արդյունքում ընդունվեց որոշում, համաձայն որի՝ չորս օր անց կասեցվելու է Սիրիայի անդամակցությունը, եթե Ասադը փոփոխություններ չկատարի։ Սիրիան, Լիբանանը և Եմենը դեմ քվեարկեցին որևէ միջամտություն իրականացնելուն, իսկ Իրաքը ձեռնպահ մնաց։
2011 թվականի դեկտեմբերին Արաբական լիգան ռեժիմի կողմից մարդկանց նկատմամբ բռնաճնշումները «վերահսկելու» համար հանձնաժողով ուղարկեց, որը նախագահում էր Մուհամմեդ Ահմեդ Մուստաֆա ալ-Դաբիրը, որը եղել է Օմար ալ-Բաշիրի ռազմական հետախուզության ղեկավարը։ 2013 թվականի մարտի 6-ին Արաբական լիգայում տեղ հատկացվեց Սիրիայի ազգային կոալիցիային՝ որպես Սիրիայի ներկայացուցիչ։ 2014 թվականի մարտի 9-ին Նաբիլ ալ-Արաբին հայտարարեց, որ Սիրիայի տեղը մնում է կազմակերպությունում թափուր, մինչ ընդդիմությունը կավարտի իր ինստիտուտների ձևավորումը։
«Իսլամական վեհաժողով» կազմակերպություն կամ Իսլամական կոնֆերանս (ԻՎԿ), կրոնաքաղաքական կազմակերպություն։ Ստեղծվել է 1969-ի սեպտեմբերին Մարոկկոյի մայրաքաղաք Ռաբաթում։ Կազմակերպությանն անդամակցում է 55 իսլամական պետություն (2003)։ Ադրբեջանի Հանրապետությունը ԻՎԿ անդամ է 1991-ից։ ԻՎԿ բարձրագույն մարմիններն են անդամ պետությունների խորհրդարանների խոսնակների գագաթնաժողովը, խորհուրդը, գործադիր կոմիտեն և քարտուղարությունը։ Ունի նաև հատուկ հանձնաժողովներ, օժանդակ, մասնագիտացված մարմիններ, առընթեր հաստատություններ և այլն։
Կազմակերպության նպատակն է ամրապնդել անդամ պետությունների միջև իսլամական համերաշխություն, նրանց միջև ամրագրել սոցիալ-տնտեսական, մշակութային, գիտական և այլ բնագավառներում համագործակցություն, վերացնել ռասայական խտրականությունը, համադրել սրբավայրերի պահպանությանն ուղղված բոլոր միջոցառումները, աջակցել Պաղեստինի ժողովրդի պայքարին, նպաստավոր պայմաններ ստեղծել անդամ պետությունների և այլ երկրների միջև համագործակցության ու փոխըմբռնման համար և այլն։
Add new comment