«Օղակ» գործողություն
33 տարի առաջ ԽՍՀՄ և Ադրբեջանի կենտրոնական ղեկավարության անմիջական կազմակերպմամբ և համակարգմամբ իրականացվեց Արցախի սահմանամերձ գյուղերի հայ ազգաբնակչության տեղահանման լայնածավալ «Օղակ» գործողությունը։ Այս արյունալի գործողությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը վերջնականապես տեղափոխեց ռազմական հարթություն՝ մեկնարկ տալով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ հետագա լայնածավալ ագրեսիային։
«Օղակ» գործողությունը սկսվեց 1991 թ. ապրիլի 30-ին Արցախի Շահումյանի շրջանի Գետաշեն և Մարտունաշեն գյուղերի թիրախավորված գնդակոծությամբ, որի ժամանակ խաղաղ բնակչության դեմ առաջին անգամ կիրառվեցին տանկեր, մարտական ուղղաթիռներ, հրետանի: Ադրբեջանի ՆԳՆ միլիցիայի հատուկ նշանակության ջոկատները (ОМОН) ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի ստորաբաժանումների և խորհրդային բանակի աջակցությամբ ներխուժում էին հայկական գյուղեր՝ պաշտոնապես իբրև թե «անձնագրային ռեժիմի ստուգման» համար, իսկ իրականում սպանությունների, թալանի, հայկական ազգաբնակչության նկատմամբ ահաբեկչությունների և դրան հետևած տեղահանությունների նպատակով։
Ռազմաոստիկանական գործողությունների արդյունքում ավերվեցին Հյուսիսային Արցախի, ինչպես նաև Շահումյանի, Հադրութի և Շուշիի շրջանների տասնյակ հայկական գյուղեր, տեղահանվեց շուրջ տասը հազար մարդ, ավելի քան 100-ը սպանվեցին, մի քանի հարյուր մարդ պատանդ վերցվեց։ Նրանցից շատերի ճակատագիրը մինչ օրս մնում է անհայտ:
Ադրբեջանի իշխանությունները «Օղակ» գործողությունը դիտարկում էին որպես ողջ Արցախի հայաթափման սկիզբ, որը հերթական դրսևորումը դարձավ 1988-1991 թթ. Սումգայիթում, Բաքվում և Ադրբեջանի ԽՍՀ այլ բնակավայրերում, ինչպես նաև Հյուսիսային Արցախի գյուղերում հայերի նկատմամբ Ադրբեջանի իրագործած էթնիկ զտման քաղաքականության։
Ի պատասխան արցախահայության՝ իր ինքնորոշման անբեկանելի իրավունքի իրացման պահանջների՝ Ադրբեջանի իշխանություններն իրագործեցին հայկական ջարդերը, իսկ հետագայում՝ 1991 թ., Արցախի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիա սանձազերծեցին, որը կրկնվեց 2016 թ. ապրիլին, 2020 թ․, 2023 թ․։
1991 թ․ ապրիլի վերջին Խորհրդային Ադրբեջանի առաջին և վերջին նախագահ Այազ Մութալիբովը փաստացի պատերազմ հայտարարեց հայերին, ինչից հետո սկսվեցին հայկական բնակավայրերի վրա հարձակումները։
Խորհրդա-ադրբեջանական ուժերի իրականացրած «Օղակ» գործողության հետևանքով ամբողջությամբ ավերվել և հայաթափվել են բազմաթիվ հայկական բնակավայրեր, սպանվել, գերեվարվել և խոշտանգումների ենթարկվել Խորհրդային Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի, Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի հարյուրավոր խաղաղ բնակիչներ, Խորհրդային Հայաստանի միլիցիայի տասնյակ ներկայացուցիչներ, բռնաբարվել են տասնյակ կանայք և աղջիկներ, իրենց բնակավայրերից հարկադրաբար տեղահանվել հազարավոր հայեր։ Դրա ընթացքում Արցախի ավելի քան 30 հայկական գյուղի բնակչություն ենթարկվել է ահաբեկչական գործողությունների, բռնության և հարազատ վայրերից աքսորվել ադրբեջանական ՕՄՕՆ-ի ջանքերով:
Add new comment