ՄԱԿ-ի ԳԱ 1947 թ. բանաձևն ու Պաղեստինում հրեական և արաբական պետություններ ստեղծելու խնդիրը

ՄԱԿ-ի ԳԱ 1947 թ. բանաձևն ու Պաղեստինում հրեական և արաբական պետություններ ստեղծելու խնդիրը

ՄԱԿ-ի ԳԱ 1947 թ. բանաձևն ու Պաղեստինում հրեական և արաբական պետություններ ստեղծելու խնդիրը

Անգլիական նոր քաղաքականությունից դժգոհ սիոնիստները տարբեր ձևերով արտահայտեցին իրենց անհամաձայնությունը 1939 թ. «Սպիտակ գրքում» ամրագրված առաջարկություններին: Դժգոհ հրեաները կազմակերպում էին հակաբրիտանական ցույցեր և դատապարտում Մեծ Բրիտանիային «ավանդական անգլո-սիոնիստական բարեկամությունից հեռանալու համար»: Դժգոհության արտահայտման մյուս ձևը զանգվածային գործադուլներն էին: Չբավարարվելով դրանով՝ սիոնիստական զինված ուժերը հարձակումներ էին գործում բրիտանական զորքերի, ոստիկանության և նրանց շենքերի ու կառույցների վրա: Նրանք անգամ չէին խորշում ահաբեկչական գործողություններից: Սակայն Անգլիայի՝ պատերազմի մեջ մտնելուց հետո նրանք սթափվեցին և դադարեցրին հակաբրիտանական գործողությունները՝ գիտակցելով, թե հիտլերյան Գերմանիայի հաղթանակն ինչպիսի ողբերգություն կբերի հրեաներին: Եվ նրանք ամբողջ պատերազմի ընթացքում պաշտպանում էին Մեծ Բրիտանիային: Պաղեստինի արաբները նույնպես պաշտպանում էին Մեծ Բրիտանիային, և այդ հարցում արաբներն ու հրեաներն ակամայից դարձան «դաշնակիցներ»: Նրանք ոչ միայն դադարեցրին հակաանգլիական գործողությունները, այլև հրաժարվեցին միմյանց դեմ ուղղված պայքարից: Այդ պատճառով էլ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո Պաղեստինում բավականին երկար ժամանակ անդորր էր: Բայց դա չէր նշանակում, թե Պաղեստինում այդ ժամանակ ընդհանրապես ոչինչ չէր կատարվում: 1940 թ. փետրվարին գործողության մեջ դրվեց «Հողերի վաճառքի մասին» որոշումը, որը հաստատվել էր 1939 թ. հրապարակված «Սպիտակ գրքում»: Սահմանվեց Պաղեստինում հողերը հրեաներին հանձնելու երեք գոտի: Առաջին գոտում, որն ընդգրկում էր Պաղեստինի ամբողջ տարածքի 63.4%ը, ընդհանրապես արգելվում էր հրեաներին հող վաճառել, երկրորդ գոտում, որը գրավում էր Պաղեստինի տարածքի 31.6%ը, թույլատրվում էր վաճառքը միայն Պաղեստինում բրիտանական գլխավոր կոմիսարի հատուկ թույլտվությամբ, և միայն երրորդ գոտում, որը կազմում էր Պաղեստինի ընդհանուր տարածքի ընդամենը 5%ը, թույլատրվում էր հողերի վաճառքն առանց որևէ սահմանափակման: Կարևոր իրադարձություն պետք է համարել նաև սիոնիստական ղեկավարների կոնգրեսը Նյու Յորքում, որտեղ որոշում ընդունվեց «Պաղեստինը դարձնել հրեական հայրենիք»:

Պաղեստինի արաբական մասում դրությունն ավելի կայուն էր: Դրան նպաստեցին նաև ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի հանդիպումը և հանգամանալի զրույցը Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, Սիրիայի և Լիբանանի ներկայացուցիչների հետ: Պաղեստինի հարցի քննարկման ժամանակ նա վստահեցրեց արաբական առաջնորդներին, որ այդ հարցի վերաբերյալ որոշում չի ընդունվի առանց հրեաների և արաբների հետ խորհրդակցելու՝ ընդգծելով, որ ինքը «ոչ մի քայլ չի ձեռնարկի, որը կարող է գնահատվել որպես թշնամական արաբների նկատմամբ»: Սակայն 1944 թվականից, երբ ակնհայտ դարձավ, որ գերմանացիների պարտությունն անխուսափելի է, և վերացավ ֆաշիզմի անմիջական վտանգը, քաղաքական իրադրությունը կտրուկ փոխվեց Պաղեստինում: Դրա նախաձեռնողները եղան սիոնիստական ղեկավարները, որոնք վերսկսեցին Պաղեստին հրեաների անսահմանափակ ներգաղթի և հրեական պետություն ստեղծելու իրենց պահանջներն ու պայքարը: Նրանց պայքարի անմիջական թիրախ դարձան Պաղեստինում բրիտանական մանդատային և ռազմական իշխանությունները:

Խիստ լարված էին մնում արաբա-հրեական հարաբերությունները: Նրանցից յուրաքանչյուրը շարունակում էր պնդել իր պահանջները: Արաբներն առիթը բաց չէին թողնում հայտարարելու, որ իրենք դեմ են Պաղեստինի բաժանմանը և Պաղեստինում հրեական տան կամ պետության ստեղծմանը, իսկ հրեաներն իրենց բոլոր կոնգրեսներում պնդում էին Պաղեստինում իրենց պետությունն ունենալու պահանջը և զենքը ձեռքներին՝ պայքարում դրա համար: Երկուստեք անվերջ զինված բախումներն էին, ահաբեկչական գործողություններ, քաղաքացիական և ռազմական օբյեկտների պայթեցումներ և այլն. այդ բոլորը քաոսային իրադրություն էր ստեղծել Պաղեստինում: Դրությունը դարձել էր անկառավարելի: Լոնդոնում հասկացան, որ մանդատը սպառել է իրեն, դադարել է գործունյա կառուցվածք լինելուց, և բրիտանական քաղաքականությունը Պաղեստինում մտել է փակուղի: 1947 թ. փետրվարի 17-ին պահպանողականների կառավարությանը փոխարինած լեյբորիստական կառավարության արտաքին գործերի նախարար Էռնստ Բեվինը պաշտոնապես դիմեց ՄԱԿ-ին Պաղեստինի հարցը Գլխավոր ասամբլեայի օրակարգ մտցնելու համար, որն ընդունվեց վերջինիս կողմից: Գլխավոր ասամբլեան ստեղծեց Պաղեստինյան հարցի հատուկ կոմիտե, որը պետք է քննարկեր այդ հարցը և իր առաջարկությունները ներկայացներ: Երկար քննարկումներից ու վիճաբանությունների հետո, որոնք շատ բուռն բնույթ էին կրում, Պաղեստինյան հարցի հատուկ կոմիտեն ՄԱԿ-ին ներկայացրեց իր առաջարկությունները, որոնք քննարկվեցին Գլխավոր ասամբլեայի երկրորդ նստաշրջանի 128-րդ լիագումար նիստում: 1947 թ. նոյեմբերի 29-ին ընդունվեց բանաձև Պաղեստինի ապագա պետական կառուցվածքի մասին, որն ավելի շատ հայտնի է «Պաղեստինի բաժանման վերաբերյալ բանաձև» անվամբ: Այդ բանաձևով վերացվում էր բրիտանական մանդատը Պաղեստինի վրա. «Մանդատի գործողությունը Պաղեստինի վրա դադարեցվում է հնարավորինս կարճ ժամկետում, բայց ոչ ուշ, քան մինչև 1948 թ. օգոստոսի 1-ը: Անգլիական զորքերի դուրսբերումը՝ 1948 թ. օգոստոսի 1-ից ոչ ուշ»: Պաղեստինը բաժանվում էր երկու մասի, որտեղ պետք է ստեղծվեր երկու՝ հրեական և արաբական պետություն: ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձևով Երուսաղեմը, Բեթղեհեմը և նրանց հարակից տարածքներն առանձնացվում էին որպես միջազգային գոտի և ենթակա չէին հրեական ու արաբական իշխանություններին: Գլխավոր ասամբլեան, համաձայնվելով բաժանել Պաղեստինը և նրա տարածքում ստեղծել հրեական ու արաբական պետություն, միաժամանակ նպատակահարմար գտավ, որ նրանց միջև հաստատվեն տնտեսական և մաքսային միություն, միասնական դրամ, տրանսպորտային ու հաղորդակցային միասնական ցանց և այլն, ինչը կոչված էր ապահովելու այդ երկու փոքր պետությունների կենսագործունեությունը, սակայն դա չիրականացվեց:

ՄԱԿ-ի 1947 թ. բանաձևն արժանացավ հրեաների հավանությանը, որոնք անմիջապես դիմեցին նախապատրաստական քայլերի՝ այն իրագործելու համար: Իսկ արաբները դեմ արտահայտվեցին Պաղեստինի բաժանմանը և չճանաչեցին Գլխավոր ասամբլեայի բանձևը: Եվ այդ փուլում՝ մինչև մանդատի պաշտոնական վերացումը և Գլխավոր ասամբլեայի բանաձևը գործողության մեջ դնելը, տեղի ունեցավ արաբա-հրեական դիմակայության և զինված բախումների աննախադեպ էսկալացիա: Ստեղծված պայմաններում Անգլիան ճշտեց Պաղեստինից իր զորքերի դուրսբերման ժամկետը, որը նշանակում էր նաև մանդատի պաշտոնական վերացում: Հրեական-սիոնիստական ղեկավարությունն անմիջապես գործի անցավ:

1948 թ. մայիսի 14-ին հրեական Ժամանակավոր պետական խորհուրդն ընդունեց հռչակագիր, որտեղ ասված էր, որ ժամանակավոր պետական խորհուրդը, «ներկայացնելով Պաղեստինում հրեական ժողովրդին և Համաշխարհային սիոնիստական շարժումը, հռչակում է Պաղեստինում Հրեական պետության ստեղծումը, որը կոչվելու է Մադինաթ Իսրայել (Իսրայելական պետություն), որը բաց է հրեաների ներգաղթի համար աշխարհի բոլոր երկրներից, որտեղ նրանք ցրված են»: Իսրայել պետության ստեղծման տարեթիվն է 1948 թ. մայիսի 15-ը:

 

Add new comment