Submitted by D.Guyumjyan on
դետք

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նախօրեին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական հաղորդակցության կազմակերպության նախագահ Մոհամմադ Մեհդի Իմանիփուրի գլխավորած պատվիրակությանը: Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Իրանցի պաշտոնյայի այցի շրջանակում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև 2024-2027 թթ. մշակութային համագործակցության մասին» ծրագիր՝ մշակույթի և ստեղծագործության ոլորտում փոխգործակցության խորացման նպատակով: 

Ժաննա Անդրեասյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է տարբեր ուղղություններով Հայաստանի ու Իրանի միջև առկա համագործակցությունը և այն խորացնելու պատրաստակամություն հայտնել: Շեշտելով «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև 2024-2027 թթ. մշակութային համագործակցության մասին» ծրագրի կարևորությունը՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ մշակույթի ոլորտում համագործակցությունն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հայաստանի և Իրանի միջպետական հարաբերություններում։

«Համոզված եմ՝ այս ծրագրի ստորագրումն առաջիկա տարիներին հնարավորություն կտա առավել ընդլայնելու հարաբերություններն ու խթանելու տարբեր կառույցների, անհատ ստեղծագործողների և ստեղծագործական խմբերի միջև համագործակցությունը, երկու երկրներում անցկացվող միջազգային մշակութային միջոցառումներին մասնակցությունը, անմիջական կապերի հաստատումն ու փորձի փոխանակումը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ հարաբերությունների զարգացման գործում կարևորելով նաև երկու երկրների դեսպանությունների դերակատարումը:

ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է հայկական «Ոսկե ծիրան» և իրանական «Ֆաջր» կինոփառատոների միջև արդյունավետ փոխհամագործակցությանը, որի շրջանակում ներկայացվում են հայկական և իրանական ֆիլմեր: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ կինոոլորտում մի շարք օրենսդրական փոփոխություններ են կատարվել, մասնավորապես համատեղ կինոարտադրության պարագայում ներդրումների մինչև 40%-ի չափով մասնակի վերադարձի հնարավորություն է սահմանվել, որը այս ոլորտում ևս փոխհամագործակցության զարգացման հնարավորություն կարող է ապահովել:

Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական հաղորդակցության կազմակերպության նախագահ Մոհամմադ Մեհդի Իմանիփուրին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել՝ շատ տպավորված է Հայաստան կատարած առաջին այցով: Նա համոզմունք է հայտնել՝ տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցության շատ ավելի մեծ ներուժ է առկա: Իրանցի պաշտոնյան առանձնահատուկ կարևորել է ՀՀ կառավարության՝ կրթության տարբեր մակարդակներում տարածաշրջանային լեզուների ուսուցում իրականացնելու ծրագիրը:

«Հանդիպելով պարսկերեն սովորող աշակերտների հետ՝ համոզվեցի, որ նրանք իրենց նպաստն են բերելու երկու երկրների միջև դարավոր բարեկամության շարունակականությանն ու հարաբերությունների զարգացմանը: Ակնհայտ է երկու բարեկամ ժողովուրդների դրական վերաբերմունքը միմյանց հանդեպ: Կարծում եմ՝ անելիքներ ունենք ճանաչելիության բարձրացման առումով»,- ասել է ԻԻՀ մշակույթի և իսլամական հաղորդակցության կազմակերպության նախագահը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի և Իրանի միջև կրթության ու գիտության ոլորտներում հարաբերությունների առավել ամրապնդմանը, տարբեր բնագավառներում համագործակցության օրակարգի ընդլայնմանն ու զարգացմանը վերաբերող մի շարք այլ հարցեր:

Add new comment