Եզդիների մասնակցությունն Արցախյան ազատամարտին
Արցախյան ազատամարտի տարեգրությունն ուսումնասիրելիս շատ հաճախ տարբեր հանգամանքներով ստվերվում է ազատամարտում Հայաստանի ազգային փոքրամասնությունների մասնակցությունը։ Սա հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ մենք՝ հայերս, կազմում ենք մեր երկրի բնակչության ճնշող մեծամասնությունը, և ազատագրական պատերազմներում հիմնական մասնակցությունը եղել է հենց հայերինը։
Միևնույն ժամանակ Արցախյան բոլոր երեք պատերազմներին մասնակցություն են ունեցել նաև Հայաստանի ազգային փոքրամասնությունները. այդ շարքում առանձնանում են եզդիները, որոնք իրենց թվով ամենամեծ ազգային փոքրամասնությունն են։
Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով՝ եզդիների թիվը պաշտոնապես կազմում է 35.272, սակայն մի շարք լրատվամիջոցներ նշում են, որ եզդիների թիվը տատանվում է 30-50 հազարի սահմաններում։
Արցախյան առաջին պատերազմի տարիներին եզդի ազատամարտիկները Հոկտեմբերյանի, Էջմիածնի, Բաղրամյանի, Ապարանի, Արագածի, Թալինի, Աշտարակի և այլ շրջանների կամավորական ջոկատների, ինչպես նաև Արցախի Հանրապետության ինքնապաշտպանական ուժերի շարքերում մասնակցել են Երասխի, Ոսկեպարի, Խնձորեսկի, Շուռնուխի, Վայքի շրջանի Բարձունի, Մարտակերտի, Ասկերանի, Շուշիի, Ակնայի, Բերձորի և մի շարք այլ բնակավայրերի ինչպես ինքնապաշտպանական, այնպես էլ ազատագրական գործողություններին։
Հատկանշական է, որ եզդիներն Արցախյան ազատամարտին մասնակցել են ոչ թե ստիպողաբար, այլ հիմնականում կամավորական սկզբունքով։ Արցախում ռազմական գործողությունների սկզբում Հայաստանի մի շարք բնակավայրերում եզդիները հանրահավաքներ անցկացրին՝ ցանկություն հայտնելով մասնակցել ռազմական գործողություններին։ Այս համատեքստում հիշարժան էր Կոտայքի Զովունի գյուղում տեղի ունեցած հանրահավաքը։ Հանրահավաքից հետո գյուղի սովխոզի տնօրեն Մանուկ Սիմոնյանը և գյուղսովետի նախագահ Վահան Ալեքսանյանը գյուղի ակումբը տրամադրեցին Արցախյան հերոսամարտին նվիրված միջոցառումների կազմակերպման համար։ Ազիզ Թամոյանը մշակույթի տանը կազմակերպում էր բազմաթիվ հանրահավաքներ, որոնց մասնակցում էին «Ղարաբաղ» կոմիտեի անդամները, Գառնիկ Ասատրյանը, Խաչիկ Ստամբոլցյանը, Արշակ Փոլադյանը, Երջանիկ Աբգարյանը, Վահան Զատիկյանը և ուրիշներ։
Զովունիից հետո հանրահավաքներ տեղի ունեցան Արտաշատում, Արմավիրում, Արարատյան դաշտի եզդիաբնակ գյուղերում, Երևանի պետական համալսարանում։ Ստեղծվեց Ղարաբաղյան շարժմանը նպատող կազմկոմիտե, որում ընդգրկվեցին շարժման ակտիվիստները, կոմիտեի նախագահ ընտրվեց Ազիզ Թամոյանը։ Բացի դրանից՝ կառույցին կից ստեղծվեց ռազմական շտաբ, որի պետ ընտրվեց Քյարամ Ավդոյանը, իսկ հրամանատար՝ Ազիզ Թամոյանը։
Հենց այս շրջանում էր, որ ԵՊՀ ուսումնական մասնաշենքերից մեկում (7-րդ մասնաշենք, ներկայիս Արևելագիտության և մի շարք այլ ֆակուլտետների շենք) հիմնադրվեց Հայաստանի եզդիների ռազմական շտաբը։ Շտաբի անդամները, Ազիզ Թամոյանի ղեկավարությամբ և պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանի աջակցությամբ, բազմիցս եղան ռազմաճակատի գրեթե բոլոր հատվածներում՝ Ստեփանակերտում, Բերձորում, Մարտակերտում, Երասխավանում, Ոսկեպարում, Մեղրիում։
Միևնույն ժամանակ եզդիները ցանկացել են նաև առանձին եզդիական ջոկատ ստեղծել՝ պատերազմին մասնակցելու համար։ Ազիզ Թամոյանը 1992 թվականին հանդիպել է Հայաստանի պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հետ՝ առաջարկելով առանձին ջոկատ ստեղծել, սակայն վերջինս չի համաձայնվել։
«Ես, իհարկե, հասկանում և հարգում եմ Ձեր առաջարկությունը, սակայն, խնդրում եմ ինձ ճիշտ և առողջ հասկանաք, որ ես սկզբունքորեն չեմ կարող համաձայնվել Ձեր առաջարկությանը՝ մեկ կարևորագույն հանգամանք ի նկատի ունենալով և հաշվի առնելով. Աստված մի արասցե, հանկարծ մեկ եզդի գերի ընկնի կամ զոհվի, ոչ միայն Ադրբեջանում, այլև ողջ աշխարհում այդ ամենն այլ կերպ կմեկնաբանվի. կասեն, որ հայերն ու հայ պետականությունը դիտավորյալ են այդպես վարվել»,- հանդիպման ժամանակ հայտարարել էր Վազգեն Սարգսյանը։
Եզդիական կամավորական ջոկատ էր ստեղծվել նաև Արծվաշենում, որի հրամանատարն էր Սուրիկ Դավթյանը (Արաբո)։ Այդ ջոկատում կռվում էին տասնյակ եզդի կամավորներ։
Եզդիական մյուս կամավորական ջոկատը գտնվում էր Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեպարի և Սարագյուղի անտառներում։ Ջոկատում աչքի ընկան Ալո (Ալիխան) և Քյարամ Թամոյանները, Օմար Ավդալյանն ու Սահիդ Թամոյանը։ Ոսկեպարում եզդիական ջոկատի հետ համագործակցում էր նաև Սարագյուղի բնակիչ, ազգությամբ հայ Պավլիկ Սառուկյանը։
Արծվաշենից հետո եզդիական ջոկատներից մեկը Սուրիկե Տաֆուրի (Արաբո) գլխավորությամբ ուղարկվում է մասնակցելու Տավուշի պաշտպանությանը։ Սուրիկեն այնուհետև նշանակվում է եզդիական ռազմական շտաբի ղեկավար։
Ընդհանուր առմամբ Արցախյան առաջին պատերազմում նահատակվել է ավելի քան 30 եզդի ազատամարտիկ, որոնցից երեքը՝ Իսմայիլ Շարոյանը, Թեմուր Զեյդինյանը և Գագիկ Հաջոյանը, թաղված են Եռաբլուրում՝ Արցախյան ազատամարտի հերոսների կողքին։ Պատերազմի ժամանակ վիրավորվել են եզդի ազատամարտիկներ Ուսուբե Աթերը, Մշիրը Խուդեդան, Ալիկ Թամոյանը, Ասյա Խատոյանը, Թոսուն Ասոյանը։
Եզդիները մասնակցել են նաև 2016 թվականի քառօրյա և 2020 թվականի քառասունչորսօրյա պատերազմներին։ Ապրիլյան պատերազմին մասնակցած և անուրանալի հերոսություն դրսևորած եզդիներից էր Քյարամ Սլոյանը, որն Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զինծառայող էր։ Սլոյանը կապիտան Արմենակ Ուրֆանյանի հրամանատարությամբ իր զինակիցների հետ միասին կարողացել է երկու անգամ ետ մղել թշնամու գրոհը։ Այնուամենայնիվ, ադրբեջանական հատուկջոկատայինների գերազանցող ուժերի ճնշման տակ կապիտան Արմենակ Ուրֆանյանն անձնակազմին հրամայել է հեռանալ առաջնագծից, սակայն Քյարամ Սլոյանն իր հայ զինակիցներ Անդրանիկ Զոհրաբյանի և Ռոբերտ Աբաջյանի հետ միասին չի ենթարկվել հրամանին՝ շարունակելով մարտը։ Վերջիններս անձնուրաց պայքարի ժամանակ զոհվել են՝ արժանանալով «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը։ Սպանվելուց հետո Քյարամ Սլոյանի դիակը հայտնվել է ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող տարածքում, գլխատվել և ենթարկվել դիակապտության։
2020 թվականի 44-օրյա պատերազմին եզդիները մասնակցել են ինչպես կամավորականների, այնպես էլ ժամկետային զինծառայողների կարգավիճակով։ Հայկական կողմից պատերազմին մասնակցել է եզդիների մի քանի կամավորական խումբ։ Պատերազմում եզդիներն ընդհանուր առմամբ ունեցել են 16 զոհ։ Անմահացած եզդիներն են Օթար Ամարյանը, Մրազ Քալոյանը, Ալիկ Խուդոյանը, Շավո Սամսոնյանը, Թեմուր Կոտոյանը, Մամիկոն Կասոյանը, Էդգար Մուրադյանը, Սամադ Սլոյանը, Մանվել Թամոյանը, Դավիթ Այդոևը, Օմար Մամոյանը, Զոհրաբ Օզմանյանը, Բորիկ Սուլեյմանյանը, Նորայր Մստոյանը, Էմիլ Թամոյանը, Հովհաննես Բաքոյանը։
Այսպիսով՝ կարող ենք փաստել, որ եզդի փոքրամասնության ներկայացուցիչները Հայաստանի Հանրապետության լիիրավ քաղաքացիներ են, որոնք մասնակցել են բոլոր երեք պատերազմներին և պաշտպանել իրենց հայրենիքը։ Այս ամենը միևնույն ժամանակ փաստում է Հայաստանի Հանրապետությունում առկա հանդուրժողականության մասին, որովհետև բազմաթիվ երկրներում փոքրամասնությունների ներկայացուցիչներն ամեն կերպ փորձում են խուսափել ռազմական գործողություններին մասնակցելուց, իսկ Հայաստանում դա անում են հիմնականում կամավորության սկզբունքով։
#Դետքի_հետագծով
Հեղինակ՝ Դավիթ Գույումջյան
Add new comment