Հայաստանը տարածաշրջանում «իզգոյանում» է
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը տելեգրամյան ալիքում գրում է. «Մոտ երկու տասնամյակ առաջ Հարավային Կովկասում Հայաստանը համարվում էր ռուսական անվերապահ ազդեցության միակ «կղզին»: Սաակաշվիլիի Վրաստանը որդեգրել էր Արևմուտքին անվերապահորեն ինտեգրվելու կուրսը (ինչն ունեցավ իր բացասական հետևանքները), իսկ Ադրբեջանը վարում էր բալանսավորված քաղաքականություն՝ գերադասելով նվազագույնի հասցնել կախվածությունը աշխարհաքաղաքական մեկ կենտրոնից:
Այսօր Հայաստանը տարածաշրջանում դարձյալ «մենակ» է՝ Արևմուտքում «փրկիչներ» փնտրելու իր արկածախնդրությամբ: Փաշինյանն արտաքին քաղաքականության մեջ որդեգրել է, այսպես ասած, նեոլիբերալ «գաղափարայնացված» մոտեցումը, ինչի հետևանքների մասին կխոսենք ստորև:
Հայաստանի «մենությունը» դրսևորվեց հատկապես Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի երեկվա որոշման համատեքստում: Վրաստանի վարչապետը հրաժարվել է մեկնել ԱՄՆ՝ այսպիսով հրաժարվելով կատարել Վաշինգտոնի պահանջը, որը վերաբերում էր, այսպես կոչված, «Օտարերկրյա գործակակալների» մասին օրենքի չեղարկմանը:
Ընդ որում, նկատենք, Վրաստանը ԵՄ անդամության թեկնածու է, 2009-ին ԱՄՆ-ի հետ կնքել է Ռազմավարական գործընկերության խարտիա ու մտադիր չէ հրաժարվել եվրաատլանտյան ինտեգրման քաղաքականությունից: Ու առհասարակ, չի կարելի տեղի ունեցածը դիտարկել «ռուսամետ- արևմտամետ» արհեստական պրիզմայով և ընդամենը պետք է արձանագրել, որ Վրաստանի այսօրվա իշխանությունն ունի արժանապատվություն, պետական որակներ ու գերադասում է երկիրը չդարձնել արևմտյան լիբերալ շահախմբերի փորձարկման դաշտ:
Ի տարբերություն Հայաստանի իշխանության և նրա պսևդոարևմտամետ արբանյակների, որոնց «արևմտամետության» միակ հիմքն անզուսպ հակառուսականությունն է:
Նման քաղաքականությամբ Հայաստանը տարածաշրջանում «իզգոյանալու» է, ինչը կործանարար հետևանքներ կարող է ունենալ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ համաշխարհային քաղաքականության մեջ ուժեղանում են ռեգիոնալացման միտումները»:
Add new comment