Էրդողան-Նեթանյահու լարվածությունը նոր թափ է ստացել
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Նեթանյահուի ցեղասպանական մեթոդներին կնախանձեր անգամ Հիտլերը։
Նա համապատասխան հայտարարություն է արել «Kathimerini» թերթին տված հարցազրույցի ժամանակ, Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի՝ Անկարա կատարելիք այցից առաջ։
«Նեթանյահուն Գազայում հասել է ցեղասպանության այնպիսի մակարդակի, որը կստիպեր Հիտլերին նախանձել: Մենք խոսում ենք այն մասին, որ Իսրայելը թիրախավորում է շտապօգնության մեքենաները, հարձակվում է սննդի բաշխման կետերի վրա և ռմբակոծում օգնության ավտոշարասյուները, ոտնահարում է մարդկանց կյանքի իրավունքը Գազայում»,- ասել է Էրդողանը:
Թուրքիայի ղեկավարը նշել է, որ Անկարան պաշտպանում է Իսրայելից տուժածների իրավունքները Գազայի հատվածում և կանգնում է խաղաղության կողմում։ Նրա խոսքով՝ Իսրայելը «շարունակում է անխոհեմ կերպով ոտնահարել ՄԱԿ-ի բանաձևերը, միջազգային իրավունքը և մարդու իրավունքները» ոչ միայն Գազայի հատվածում, այլև պաղեստինյան բոլոր տարածքներում։
«Պատկերացրեք, թե ինչպես կարձագանքեիք, եթե ինչ-որ մեկը գար ձեր տուն և ասեր, որ հիմա դա նրանն է: Ձեզնից ակնկալվում է, որ կպաշտպանեք ձեր տունը և կդիմադրեք»,- հավելել է Էրդողանը:
Իսրայելի ԱԳՆ-ն էլ, արձագանքելով Թուրքիայի նախագահի խոսքերին, վերջինիս անվանել է բռնակալ, սադրիչ և ստախոս։
Add new comment