ԱՄՆ-ն Իրանին հորդորել է դադարեցնել հութիներին զենքի «աննախադեպ մատակարարումները»
ԱՄՆ-ն Իրանի Իսլամական Հանրապետությանը հորդորել է դադարեցնել Եմենի հութիներին զենքի «աննախադեպ» փոխանցումները, ինչը վերջիններիս թույլ է տալիս Կարմիր ծովում և այլ վայրերում «անխոհեմ հարձակումներ» գործել այդտեղով երթևեկող նավերի վրա։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը։
ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի տեղակալ Ռոբերտ Վուդը հայտարարել է՝ եթե ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ցանկանում է առաջընթացի հասնել Եմենում քաղաքացիական պատերազմի դադարեցման հարցում, ապա պետք է գործի հավաքական կերպով։ Նրա խոսքով՝ դա թույլ կտա Իրանին «պատասխանատվության ենթարկել իր ապակայունացնող դերի համար և ստիպել, որ նա չթաքնվի հութիների թիկունքում»։
Ռոբերտ Վուդը շեշտել է՝ կան բազմաթիվ վկայություններ, որ Իրանը հութիներին մատակարարում է ժամանակակից զենք` ներառյալ բալիստիկ և թևավոր հրթիռներ՝ խախտելով ՄԱԿ-ի պատժամիջոցները։ «Մենք պետք է լրացուցիչ միջոցներ ձեռնարկենք իրավակիրառ պրակտիկայի ամրապնդման և պատժամիջոցները խախտողներին զսպելու համար»,- ասել է նա։
Հութիների պնդմամբ՝ իրենք գրոհում են նավերը Կարմիր ծովում և Ադենի ծոցում, որպեսզի Իսրայելին ստիպեն դադարեցնել պատերազմը Գազայի հատվածում, որի հետևանքով զոհվել է ավելի քան 35 հազար պաղեստինցի։
ԱՄՆ ծովային վարչության տվյալներով՝ նոյեմբերից հութիները ձեռնարկել են ավելի քան 50 գրոհ նավերի դեմ, մեկ նավ զավթել են, մեկը՝ խորտակել։
Add new comment