Տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն. Փաշինյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Երեկ Հայաստանի Հանրապետության և Բաքվի Հանրապետության սահմանազատման հանձնաժողովները՝ ի կատարումն ապրիլի 10-ին ընդունված համատեղ նիստի արձանագրության, համաձայնեցրել են Հայաստանի Բաղանիս, Բաքվի՝ Բաղանիս Այրում, Հայաստանի՝ Ոսկեպար, Բաքվի՝ Աշաղը Ասկիպարա, Հայաստանի՝ Կիրանց, Բաքվի՝ Խեյրիմլի, Հայաստանի՝ Բերքաբեր, Բաքվի՝ Կըզըլ Հաջիլի գյուղերում սահմանային նախանշված հատվածները և ստորագրել են այդ սահմանային հատվածների նկարագրություն-արձանագրությունները: Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը Կառավարության՝ մայիսի 16-ի նիստին։
«Տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն: Ինչո՞ւ եմ համարում մեծ հաջողություն: Երկու պատճառով․ առաջինը` մեր ինքնիշխանության և անկախության հետագա զարգացման և ամրապնդման համար դրվել է մի շարք կարևոր անկյունաքար, երկրորդ` մեր հանրապետությունն անկախությունից ի վեր առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման, որը այս փաստով էականորեն մեծացնելու է անվտանգության և կայունության մակարդակը ոչ միայն նշված գյուղերի հատվածում, այլև ընդհանրապես ամբողջ Հայաստան-Բաքվի Հանրապետություն սահմանի երկայնքով»,- ասել է նա:
Փաշինյանը նշել է՝ արձանագրված է, որ սահմանազատումը տեղի է ունեցել 1976 թվականի քարտեզներով, որոնք հերթապահության գործընթաց են անցել 1979 թվականին:
«Դուք գիտեք, որ մեզ համար սկզբունքային էր, որ սահմանազատման գործընթացում Հայաստանի և Բաքվի միջև ոչ թե նոր սահման ստեղծվի, այլ Ալմա Աթայի հռչակագրով վերահաստատված սահմանները վերարտադրվեն: Այսինքն՝ մենք ասում ենք, որ սահմանազատման ընթացքում ոչ թե պետք է սահման ստեղծենք, այլ վերարտադրենք այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել Խորհրդային միության փլուզման պահին և ունեն դե յուրե իրավական նշանակություն: Սրա համար մենք նախ հղում էինք անում Ալմա Աթայի հռչակագրին, և ապրիլի 19-ին դա ամրագրվեց: Արձանագրվեց, ընդ որում` որպես սահմանազատման ողջ գործընթացի բազային սկզբունք, հիմա նաև մենք քարտեզների հղումն ունենք, և դրանք Խորհրդային միության դե յուրե իրավական նշանակություն ունեցող վերջին քարտեզներն են»,- ասել է նա:
Փաշինյանը, պարզաբանելով «հերթապահության գործընթաց» արտահայտությունը, նշել է. «Խորհրդային հանրապետությունների միջև, եթե չասենք անընդհատ, պարբերաբար սահմանների ճշգրտման գործընթացներ են եղել: Այդ արդեն իսկ հաստատված գործընթացներին քարտեզագրական մակարդակով վերջնական իրավական ուժ հաղորդել է գեոդեզիայի և քարտեզագրության ոլորտում ԽՍՀՄ լիազոր մարմինը, որը ժամանակ առ ժամանակ հանրապետություններից հավաքել է արդեն իսկ հանրապետություններում իրավական ուժ ստացած որոշումները, ընդ որում` ամբողջական կամ հատվածական, դրանք վերստուգվել են, և այս բոլորի հիման վրա հաստատել է քարտեզագրական հիմքը խորհրդային հանրապետությունների միջև սահմանային գծի: Ահա մեր սահմանազատվող հատվածում 1979 թ․-ին հերթապահության գործընթաց անցած քարտեզները այդպիսի վերջին քարտեզներն են ԽՍՀՄ-ի օրոք: Այսինքն` վերջնականորեն հիմնավորված այլ քարտեզ գոյություն չունի»:
Ըստ Փաշինյանի՝ իրենք որդեգրել են հետևյալ սկզբունքը՝ սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է․ «Սա նույնպես չափազանց կարևոր սկզբունք է: Ինչո՞ւ. որովհետև եթե մենք գնայինք այն տրամաբանությամբ, որ այս սկզբունքից շեղվելով` պետք է նոր սահմանագիծ ստեղծենք, դա կնշանակեր, որ ստեղծում ենք էսկալացիայի և ռազմական բախումների ուղղակի հարատև աղբյուր:
Այս սկզբունքի ամրագրմամբ, երբ մենք ասում ենք՝ սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է, մենք, ըստ էության, էսկալացիոն կոնտեքստը, եթե դուրս չենք բերել, առնվազն էականորեն նվազեցրել ենք, և նաև այս առումով ես տեղի ունեցածը համարում եմ շատ կարևոր և էական հաջողություն»:
Add new comment