Submitted by D.Guyumjyan on
detq

Աբդոլլահիանն ընդգծել է Իրան-Չինաստան հարաբերությունների հետագա զարգացման կարևորությունը

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հույս է հայտնել, որ առաջիկայում Թեհրան-Պեկին հարաբերություններն էլ ավելի կզարգանան՝ երկու երկրների շահերին համապատասխան։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հաղորդում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Աբդոլլահիանը Իրանում Չինաստանի նորանշանակ դեսպան Չժոնգ Փեյվուի հետ հանդիպման ժամանակ, ողջունելով  դեսպանին և հաջողություններ մաղթելով այս կարևոր առաքելության ընթացքում, վստահություն է հայտնել, որ Իրանում Չինաստանի նորանշանակ դեսպանը կրկնակի ջանքեր կգործադրի տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման համար։

Չինաստանի նորանշանակ դեսպանն իր հերթին նշել է, որ երկու երկրների հարաբերություններն ունեն պատմական առանձնահատկություններ։ «Չինաստանի նախագահը և արտգործնախարարը հատուկ ջանքեր են գործադրում ռազմավարական գործընկերության համապարփակ  փաստաթղթի շրջանակում Իրանի հետ հարաբերությունների խորացման և համակողմանի զարգացման  ուղղությամբ»,- հայտարարել է նա։

Նշվում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Չինաստանի միջև հարաբերությունները վերջին տարիներին զարգացել են տնտեսական և քաղաքական ոլորտներում, իսկ 2021 թվականի մարտին երկկողմ համագործակցության 25-ամյա համապարփակ փաստաթղթի ստորագրումն արագացրել է այդ աճը։ Այս փաստաթուղթն ընդգծում է Իրանի Իսլամական Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև երկկողմ համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում:

 

 

Add new comment