Ֆրանսիան իրավունք չունի միջամտելու Իրանի դատական որոշումներին․ Նասեր Քանաանի
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է՝ Ֆրանսիան իրավունք չունի միջամտելու Իրանի դատական համակարգի կայացրած որոշումներին։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հաղորդում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։
Այսկերպ Քանաանին անդրադարձել է Իրանում բանտարկված ֆրանսիացի երկու քաղաքացիների վերաբերյալ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության վերջին հայտարարությանը՝ ֆրանսիական կողմին մեղադրելով երկակի ստանդարտներ ունենալու մեջ։
«Ֆրանսիան երկակի ստանդարտներ ունի մարդու իրավունքների հարցերում, որի վառ օրինակը նրա անգործությունն է Գազայի ցեղասպանության հարցում։ Մյուս կողմից՝ դա ապաստան է հակաիրանական ահաբեկիչների համար։ Ուստի նա իրավունք չունի միջամտելու Իրանի դատական որոշումներին»,- շեշտել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը։
Ըստ վերջինիս՝ Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ հիշատակված անձինք ձերբակալվել են արժանահավատ ապացույցների հիման վրա, և Ֆրանսիայի կառավարությունը քաջատեղյակ է նրանց հանցագործությունների մասին։ Նա պնդել է, որ Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ սխալ բառերի կիրառումը հեռանկարային չէ, և դա չի նպաստի առկա խնդիրների լուծմանը։
«Իրանի Իսլամական Հանրապետության դատական իշխանությունն անկախ է, նրա դատական որոշումներն արժանի են հարգանքի ու պետք է կատարվեն»,- եզրափակել է Քանաանին։
Add new comment