Submitted by detq-editor on
Իրանը կարևորում է Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը

Իրանը կարևորում է Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է, որ Իրանը կարևորում է Չինաստանի հետ հարաբերությունների խորացումը։ Ինչպես տեղեկացում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը, Քանաանին այս մասին ասել է՝ անդրադառնալով Իրանի նախագահ Էբահիմ Ռաիսիի՝ Չինաստան կատարելիք այցին։

Նրա խոսքով՝ Ռաիսիի այցը քաղաքականապես կարևոր է և ցույց է տալիս երկկողմ հարաբերություններն ընդլայնելու քաղաքական կամքի առկայությունը։ Քանաանին շեշտել է, որ տնտեսության ոլորտում հարաբերությունների ընդլայնումը Թեհրանի և Պեկինի առաջնահերթություններից է։

«Չնայած Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին՝ Պեկինի և Թեհրանի միջև համագործակցության համաձայնագիրը զգալի արդյունքներ է տվել տնտեսության և առևտրի ոլորտներում»,- ասել է նա։

Նասեր Քանաանին նշել է, որ Իրանի արտահանումը դեպի Չինաստան իրանական 1400 թվականին (2021 թվականի մարտի 21-ից մինչև 2022 թվականի մարտի 20 - խմբ․) գերազանցել է 14 միլիարդ դոլարը։ Նա նաև ասել է, որ Չինաստանն իրանական ապրանքների առաջին ներկրողն է, իսկ Իրանը՝ երկրորդ արտահանողը։

Իրանի ԱԳՆ խոսնակը հայտնել է, որ Ռաիսիի այցի շրջանակում տնտեսության, հանքերի և արտահանման ոլորտներում համագործակցությունը խորացնելու նպատակով Չինաստանի հետ 7 փաստաթուղթ կստորագրվի։ Նա վստահեցրել է, որ այցի ընթացքում փաստաթղթեր կստորագրվեն նաև քաղաքականության, տնտեսության և մշակույթի ոլորտներում։

Add new comment