Իրանում մեկնարկել է նախագահի թեկնածուների գրանցման գործընթացը
Իրանի Իսլամական Հանրապետությունում մեկնարկել է նախագահի թեկնածուների գրանցման գործընթացը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ Իրանի ներքին գործերի նախարարության շտաբ-բնակարանը սկսել է նախագահական ընտրություններում թեկնածուների գրանցման գործընթացը։ Իրանի նախագահի թեկնածուները կարող են պահանջվող փաստաթղթերը ներկայացնել հինգ օրվա ընթացքում:
Նշվում է, որ թեկնածուների անուններն այնուհետ ներկայացվելու են Իրանի սահմանադրական խորհրդին՝ 12 անդամից բաղկացած մարմին, որը վերահսկում է ընտրությունները և օրենսդրությունը։ Այն կքննի և վերջնական որոշում կկայացնի սահմանադրական պահանջներին համապատասխան թեկնածուների իրավասության վերաբերյալ։
Թեկնածուները կարող են գրանցվել մայիսի 30-ից հունիսի 3-ը, իսկ նախընտրական քարոզարշավը նախատեսված է հունիսի 12-27-ը։
Իրանցիները նոր նախագահ կընտրեն հունիսի 28-ին կայանալիք համապետական ընտրություններում՝ ուղղաթիռի վթարի հետևանքով երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահից հետո:
Add new comment