ded

Բենի Գանցը Գազայի վերաբերյալ Բայդենի հայտարարության ֆոնին կոչ է արել շտապ խորհրդակցել ռազմական կաբինետի հետ

Իսրայելի ռազմական կաբինետի նախարար Բենի Գանցը կոչ է արել շտապ նիստ հրավիրել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ելույթում հայտարարել է պատանդների գործարքի առաջարկի մասին, որը, ըստ նրա, եկել է Իսրայելից, գրում է «Times of Israel»-ը:

«Միացյալ Նահանգները, ինչպես նախագահ Բայդենի օրոք պատերազմի սկզբից ի վեր, հետևողականորեն ցույց է տվել իր հավատարմությունն Իսրայելի անվտանգությանը և պատանդներին վերադարձնելու ջանքերին: Մենք խորապես երախտապարտ ենք նախագահին և մեր բոլոր ամերիկացի ընկերներին աջակցության համար»,- ասվում է Գանցի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:

«Իսրայել պետությունը համախմբված է պատանդներին վերադարձնելու իր ցանկության մեջ, ինչը գերագույն բարոյական պարտավորություն է, որը չի նսեմացնում պատերազմի նպատակներին հասնելու մեր հանձնառությունը՝ հիմնված վեց սկզբունքի վրա, որոնք ես նախանշել եմ իմ ելույթում»,- նշել է Գանցը:

Ընդգծելով, որ Իսրայելը «մտադիր է շարունակել առաջ տանել պատանդների վերադարձի մասին համաձայնագիրը, որը ձևակերպվել է բանակցող թիմի կողմից և միաձայն հավանության է արժանացել Պատերազմի կաբինետի կողմից՝ որպես պատերազմական բոլոր նպատակներին հասնելու ավելի լայն ջանքերի մաս», իսրայելցի նախարարը հավելել է, որ Ռազմական կաբինետը «պետք է որքան հնարավոր է շուտ գումարվի բանակցային թիմի հետ՝ հետագա քայլերը ձևակերպելու համար»։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շաբաթ հայտարարել է, որ Գազայում մշտական ​​հրադադար չի լինի, քանի դեռ ՀԱՄԱՍ-ի ռազմական և կառավարման կարողությունները չեն ոչնչացվել:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Իսրայելն առաջարկել է Գազայում եռաստիճան զինադադարի պայմանագիր ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդներին ազատ արձակելու դիմաց։

Աղբյուրը՝ «News am»

Add new comment