Հայաստանն առաջին անգամ կմասնակցի պաշտպանության և անվտանգության EUROSATORY ցուցահանդեսին
Հայաստանն առաջին անգամ կներկայացվի ցամաքային և ցամաքաօդային պաշտպանության և անվտանգության EUROSATORY ցուցահանդեսին, որը կանցկացվի 2024 թվականի հունիսի 17-ից 21-ը, Փարիզում։
Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատից տեղեկանում ենք, որ ցուցահանդեսը կհյուրընկալի ավելի քան 1800 մասնակցի 90 երկրից, ինչպես նաև մոտ 98000 այցելուի և մասնագետի:
«Հայաստան» տաղավարը կհյուրընկալի Ֆրանսիա- Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի անդամ և հայկական ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների պատվիրակությունը։ Սա հնարավորություն կընձեռի հայկական այս ընկերություններին առաջին անգամ ներկայացնելու իրենց տեխնոլոգիաներն ու լուծումները Եվրոպայի միջազգային ցուցահանդեսում՝ պայմանագրեր կնքելու նպատակով։
Ցուցահանդեսի ընթացքում հունիսի 18-ին GICAT տաղավարում (Ֆրանսիայի պաշտպանության և անվտանգության արդյունաբերության կազմակերպություն) տեղի կունենա ֆրանս-հայկական համաժողով՝ նվիրված Հայաստանի կարիքներին պաշտպանության ոլորտում և Ֆրանսիայի հետ ընթացիկ համագործակցությանը:
Համաժողովին կմասնակցեն ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, GICAT-ն ու իր անդամները, ինչպես նաև Ֆրանսիա - Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի անդամներ։
EUROSATORY պաշտպանության և անվտանգության միջազգային ցուցահանդեսում Հայաստանի տաղավարը կղեկավարի Ֆրանսիա - Հայաստան առևտրաարդյունաբերական պալատը` Տիգրան Առաքելյանի նախագահությամբ։
Add new comment