Submitted by D.Guyumjyan on
detq

Որոշ երկրներ ՄԱԳԱՏԷ-ն օգտագործում են քաղաքական նպատակների համար. Ալի Բաղերի Քանի

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին հայտարարել է, որ որոշ երկրներ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն (ՄԱԳԱՏԷ) օգտագործում են իրենց քաղաքական նպատակների համար, ինչը վնաս կհասցնի ՄԱԿ-ի միջուկային վերահսկողությանը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվականը։

Ալի Բաղերի Քանին լրագրողների հետ զրույցում շեշտել է՝ ՄԱԳԱՏԷ-ն տեխնիկական գործակալություն է, և բոլոր երկրները` ներառյալ ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի անդամ երկրները, պետք է գործեն գործակալության տեխնիկական մոտեցման հիման վրա:  

«Գործակալության ներուժն իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար օգտագործող որոշ անդամ երկրների ոչ կառուցողական մոտեցումը, անշուշտ, կվնասի գործակալության ինքնությանը, ինչպես նաև նրա կշռին և մասնագիտական դերակատարությանը»,- կարծում է նա։

Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ Իրանը միշտ էլ այս կամ այն երկրներին խորհուրդ է տվել թույլ տալ գործակալությանը կատարել իր տեխնիկական ու մասնագիտացված դերը և այն սեփական քաղաքական դրդապատճառները փնտրելու սուբյեկտի չվերածել։

Նշենք, որ օրերս Իրանը նոտա է հղել ՄԱԳԱՏԷ-ին վերջին զեկույցների վերաբերյալ, որոնք ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ներկայացրել է Կառավարիչների խորհրդին։ Պաշտոնական Թեհրանը գործակալությանը կոչ է արել երկրի միջուկային գործունեության վերաբերյալ իր զեկույցներում պահպանել անաչառությունը:

 

Add new comment