Բաքուն ու Երևանը որոշակի հաջողությունների են հասել սահմանի հաստատման գործում. Ալիև
Ներկայումս Բաքվի Հանրապետությունը (խմբ.) և Հայաստանը որոշակի հաջողությունների են հասել իրենց պետական սահմանների հաստատման գործում, Կահիրեում Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի հետ մամուլի ասուլիսում ասել է Բաքվի Հանրապետության ղեկավար Իլհամ Ալիևը։
Ընդգծելով, որ համաձայնեցված է պետական սահմանի մոտ 12.7 կիլոմետր երկարությամբ հատվածը, նա հավելել է, թե «բանակցությունների միջոցով վերադարձվել են Բաքվի (խմբ.) Ղազախի շրջանի 4 գյուղերը»։
«Մենք դա գնահատում ենք որպես դրական փաստ»,- նշել է նա։
Այս պահի դրությամբ, հայկական կողմի հաղորդմամբ, կան 12.6 կմ սահմանազատված տարածք և 43 սյուն։ Շուրջ մեկ ամսում են Երևանն ու Բաքուն ավարտել Տավուշ-Ղազախ հատվածում սահմանազատման գործընթացը, որը Հայաստանում ուղեկցվեց բողոքի ակցիաներով, իրավապահների ու քաղաքացիների բախումներով։
Եգիպտոսի նախագահ Ալ-Սիսին իր հերթին կարևորել է Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովման ջանքերը և այդ ջանքերին աջակցություն հայտնել, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն։
Նա նշել է, որ այդ ջանքերը մեծ ներդրում կունենան տարածաշրջանի երկրների և ժողովուրդների զարգացման գործում։
Add new comment