Բայդեն. Մենք թույլ չենք տա Պուտինին սպառնալ Եվրոպային
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շաբաթ օրը քաղաքական համերաշխություն են հայտնել Ուկրաինայում և Իսրայելում պատերազմների վերաբերյալ՝ երկու հակամարտությունների նկատմամբ միջազգային հանրության մոտեցման շուրջ շարունակվող լարվածության ֆոնին, գրում է Politico-ն։
Մակրոնը նախ շնորհակալություն է հայտնել Բայդենին այն բանի համար, որ ԱՄՆ-ն «որոշիչ դեր» է խաղացել Ռուսաստանի ներխուժման դեմ Ուկրաինայի պայքարին օգնելու գործում։ Նա նաև աջակցություն է հայտնել Գազայում պատերազմի կարգավորման վերաբերյալ Բայդենի խաղաղության առաջարկին։
Այնուհետև Բայդենն անդրադարձել է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև անխզելի կապին և ողջունել նույն օրն ավելի վաղ հրապարակված, չորս իսրայելցի պատանդների ազատ արձակման լուրը: Նա նաև խոսել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի պաշտպանական օգնության փաթեթի մասին, որը Կոնգրեսը հաստատել է ամիսներ տևած բանավեճերից հետո և վերահաստատել ԱՄՆ-ի հավատարմությունը պատերազմական ջանքերին:
«Դուք գիտեք, որ Պուտինը չի պատրաստվում կանգ առնել Ուկրաինայում։ Ամբողջ Եվրոպան սպառնալիքի տակ է հայտնվելու։ Միացյալ Նահանգները թույլ չի տա, որ դա տեղի ունենա... մենք մի կողմ չենք քաշվելու,- հայտարարել է Բայդենը:- Այս շաբաթ մենք աշխարհին ևս մեկ անգամ ցույց տվեցինք դաշնակիցների ուժը և այն, թե ինչի կարող ենք հասնել՝ միասին գործելով»,- հավելել է ԱՄՆ նախագահը։
Մամուլի համար հայտարարություններն արվել են երկու նախագահների միջև անձնական հանդիպումից հետո և դարձել Բայդենի երկօրյա արարողակարգային միջոցառումների գագաթնակետը:
Add new comment