Ռուսաստանը աֆրիկացի ուսանողներին ուղարկում է ուկրաինական ռազմաճակատ. «Bloomberg»
Ռուսաստանի Դաշնության իշխանություններն ավելի հաճախ են ստիպում աֆրիկացի ուսանողներին և ներգաղթյալ երիտասարդ աշխատողներին պայմանագրեր կնքել Պաշտպանության նախարարության հետ՝ սպառնալով չերկարացնել ուսանողական և աշխատանքային վիզաները։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է բրիտանական «Bloomberg» լրատվական գործակալությունը՝ հղում անելով եվրոպացի պաշտոնյաներին։
Հաղորդվում է, որ ռուսական բանակում այս կերպ ծառայության ներգրավված օտարերկրացիներին ուղարկում են ուկրաինական ռազմաճակատ, այդ թվում` Խարկով՝ մասնակցելու այնտեղ ընթացող ծանր մարտերին։ Ըստ գործակալության՝ նման մոտեցում նախկինում իրականացնում էր «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպությունը։
Լրագրողների զրուցակիցներից մեկը հայտնել է, որ Ռուսաստանը միգրանտներին և օտարերկրյա ուսանողներին պարտադրել է մասնակցել պատերազմին ներխուժման առաջին օրերից։ Նրա խոսքով՝ այդ զինծառայողները հատկապես ծանր կորուստներ են կրում, որովհետև նրանց ավելի հաճախ օգտագործում են վտանգավոր հարձակողական գործողություններում, որպեսզի պաշտպանեն ավելի լավ պատրաստված ստորաբաժանումներին։
Ինչպես հավաստիացնում է ուկրաինական հետախուզությունը, Ռուսաստանը օտարերկրյա վարձկանների հավաքագրման գլոբալ քաղաքականություն է վարում առնվազն 21 երկրում` ներառյալ Աֆրիկայի մի քանի պետություն։
«Ռոսսոտդրուդնիչեստվո»-ի ղեկավար Եվգենի Պրիմակովը օրերս հայտարարել է, որ Ռուսաստանում ուսանում է 35-37 հազար աֆրիկացի ուսանող։ «Ամեն տարի ռուսական բուհերը «հավաքում են մոտ վեց հազար դիմորդ աֆրիկյան երկրներից՝ ըստ քվոտաների անվճար ուսուցանելու համար»,- ասել էր նա։
Add new comment