Ինչո՞ւ են հանդիպում Էրդողանն ու Ալիևը
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամյան ալիքում գրում է. «Էրդողանը կանչել է Ալիեւին, այն բանից հետո, երբ Պուտինի պետերբուրգյան ֆորումի ընթացքում ռեվերանսներ անելով Ադրբեջանի հասցեին, խոսեց Հյուսիս-Հարավի մասին: Պուտինը ըստ էության ոչինչ չասեց Կովկասով անցնող այլ հաղորդուղիների մասին, մասնավորապես կապված Հայաստան-Ադրբբեջան հարցի հետ:
Այո, զանազան քարոզչություններն այստեղ ձեւավորել են նարատիվներ, հանրությանը կապելով դրանց: Բայց, շատ վաղուց խոսել եմ եւ խոսում եմ այն մասին, որ Ռուսաստանի համար «միջանցք» ասվածն, ըստ իս, չունի աշխարհտնտեսական մեծ նշանակություն: Դրա նշանակությունը աշխարհաքաղաքական-ռազմավարական է: Ռուսաստանի համար, ըստ իս, հարցադրումը մեծ իմաստով հետեւյալն է՝ եթե էդտեղ լինի կոմունիկացիաների բացում, ապա շարժի վերահսկողությունը պետք է իրականացնի Ռուսաստանը, եթե ոչ՝ ապա Հայաստանով Նախիջեւան-Ադրբեջան կապի հարցը ռուսների համար առաջնահերթություն չէ:
Մոսկվան իր գլխավոր աշխարհտնտեսական գործընկեր է ընտրել ոչ թե Թուրքիային, այլ այսպես ասած Գոբալ հարավի խաղացողներին: Իսկ այդ իմաստով առանցքայինը Հյուսիս-Հարավ տրամաբանությունն է:
Հիմա հաջորդ հարցի մասին: Նախորդ գրառումով հիշեցրել էի օրեր առաջ «միջանցքի» թեմայով գրառումս, որում մի քանի հարց էի շարադրել՝ քարոզչական գերակա նարատիվներից դուրս: Այդ հարցերից մեկը հետեւյալն էր՝ իսկ արդյո՞ք Բաքուն շահագրգռված է Նախիջեւանի հետ Հայաստանի տարածքով այսպես ասած անվերահսկելի կապով, ինչը նշանակելու է բնականաբար Թուրքիայի ազդեցության էական մեծացում Ադրբեջանի հանդեպ: Մինչդեռ, Բաքուն ակնհայտորեն փորձում է ձեւավորել իր՝ ինքնուրույն խաղացողի «նկարագիրն» ու «ներուժը»:
Օրինակ, ինչու՞ Ալիեւը 2022 թվականին ըստ էության «լուծարեց» Նախիջեւանի ինքնավարությունը, այնտեղ նշանակելով նախագահի լիազոր ներկայացուցիչ, որին է փաստացի անցնում Նախիջեւանի կառավարումը: Մեկ գերակա պատճառով՝ այնտեղ մեծացնել իր եւ թուլացնել Թուրքիայի ազդեցությունը:
Միաժամանակ, Ադրբեջանը մայիսին սերտ պայմանավորվածությունների է գալիս Իրանի հետ, Ալիեւը հայտարարում է, որ ոչ ոք չի կարող պառակտել Իրանն ու Ադրբեջանը:
Այս ամենը Էրդողանի մոտ առաջացնում է անհանգստություն՝ արդյո՞ք «միջանցքի» հարցը մղվում է հետին պլան, արդյո՞ք Ադրբեջանն այդ առումով պայմանավորվել է Ռուսաստանի եւ Իրանի հետ, ինչը խաղից դուրս կարող է թողնել Թուրքիային: Էրդողանն Ալիեւին կանչել է այդ հարցերի համար»:
Add new comment