Ռուսաստանը Հայաստանը դիտարկում է որպես իր ամենամոտ դաշնակից և շատ կարևոր գործընկեր անվտանգության ոլորտում. Գալուզին

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին, փոխանցում է «Լուրերը»: Նա նշել է՝ համաձայն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս արած հայտարարությանը, որ երկկողմ հարաբերությունները լավագույն ժամանակները չեն ապրում: Գալուզինի խոսքով՝ Հայաստանը, իբր, անհիմն է քննադատում Ռուսաստանին ու ՀԱՊԿ-ին։ Նրա համոզմամբ՝ դա Արևմուտքի հակառուսական քաղաքականության հետևանքն է: «Արևմուտքն ուզում է դուրս մղել Մոսկվային Հարավային Կովկասից, իսկ դա անիրատեսական է»,- համոզմունք է հայտնել դիվանագետը:

«Ռուսական կողմը Հայաստանը դիտարկում է որպես իր ամենամոտ դաշնակից, որպես շատ կարևոր գործընկեր անվտանգության ոլորտում՝ թե՛ ՀԱՊԿ շրջանակում ստանձնած պարտավորություններին, թե՛ երկկողմ պայմանագրերին համապատասխան»,- ընդգծել է Գալուզինը: Նա հավելել է՝ Մոսկվան պատրաստ է շարունակել Երևանի հետ աշխատանքը ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում:

Գալուզինը նշել է, թե ակնկալում են, որ Հայաստանում կգերիշխի Ռուսաստանի եզակի, անվիճելի դերի ըմբռնումը։ «Մեզ ոչ մի Արևմուտք չի կարող փոխարինել»,- ասել է փոխարտգործնախարարը:

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը նաև հայտնել է, որ Երևանում Մոսկվայի դեսպան Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցությունից հետո վերադարձել է Հայաստան: «Խորհրդակցության համար դեսպանին կանչելը ստանդարտ ընթացակարգ է, որը հաճախ է տեղի ունենում»,- նշել է Գալուզինը: 

Add new comment