ԱՄՆ-ը պաշտպանության ոլորտում ևս կաջակցի Հայաստանին. ի՞նչ է սպասվում
Երևանում այսօր կայացել է Հայաստան-Միացյալ Նահանգներ ռազմավարական երկխոսության երկրորդ նիստը, որի արդյունքներով Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
ԱՄՆ-ը վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, ժողովրդավարությանը և տարածքային ամբողջականությանը՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան:
Ամփոփիչ հանդիպման մասնակիցներն, ըստ հաղորդագրության, ընդգծել են ԱՄՆ աջակցության կարևոր դերը Հայաստանի պաշտպանական ոլորտի վերափոխման և իրավապահ համակարգի զարգացման նախաձեռնություններում, որոնց ԱՄՆ-ը նախատեսում է շարունակել աջակցել խորհրդատվական ծրագրերով, բանակ-բանակ շփումներով, Միջազգային ռազմական կրթական ու ուսուցողական (IMET) ծրագրի միջոցով մասնագիտական ռազմական կրթության հնարավորություններով և Կանզասի ազգային գվարդիայի հետ երկարաժամկետ պետական համագործակցության ծրագրով:
Պատվիրակություններն ընդգծել են նաև համագործակցության կարևոր հանգրվաններից մեկը՝ «Արծիվ գործընկեր 2023» զորավարժությունը: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչները նաև ողջունել են 2024թ. մայիսին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի և ԱՄՆ եվրոպական հրամանատարության միջև առաջին տարեկան շտաբային բանակցությունների մեկնարկը և պայմանավորվել են նախաձեռնել Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ՝ պաշտպանական համագործակցության նպատակները նախանշելու համար:
«Միացյալ Նահանգները բարձր է գնահատում Հայաստանի շարունակական ներդրումը միջազգային խաղաղապահ առաքելություններում և պատրաստակամ է խաղաղապահության և իրավապահ մարմինների զարգացման ուղղությամբ հավելյալ համագործակցության հարցում», - նշված է հաղորդագրությունում:
Add new comment