Submitted by H.Andreasyan on
11

Անարդար մեղադրական եզրակացության սլաքներ մի նետեք Հայոց Եկեղեցու ուղղությամբ. Ասողիկ աբեղա Կարապետյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Օրենսդիր և գործադիր իշխանությունների հարգելի ներկայացուցիչներ,

Սուտ վկայություն մի՛ տարածեք, կեղծիք մի՛ խմորեք: Ձեզ մի՛ նույնականացրեք դատական իշխանությանց հետ և անարդար մեղադրական եզրակացության սլաքներ մի նետեք Հայոց Եկեղեցու ուղղությամբ՝ փորձելով հարվածել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ի գլուխ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի:

Դուք շատ լավ գիտեք, որ շարժումը ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ է, Դուք շատ լավ գիտեք, որ դրսում ՀՀ քաղաքացիներ են, որոնք արդար բողոք ու պահանջ ունեն, որոնք լսվելու կարիք ունեն: Եվ, նաև, շատ լավ գիտեք, որ ամենուր կա որոմ, ամենուր կան սադրիչներ. այս ողբալի կացությունը ձեզ համար շահավետ դիրքավորում մի՛ դարձրեք:

Հայոց Հայրապետի բազմարդյուն, տիրական ու հզոր հեղինակությունն անսասանելի է. տարիներ շարունակ փորձել են, փորձում են այն բեկանել, սակայն երբեք դա չի՛ ստացվել: Այո, որովհետև Հայոց Հայրապետն Աստծո Օծյալն է և մարմնացումը բարոյական Արարատի՝ Սուրբ Էջմիածնի: Իսկ ամեն ոք և ամեն ինչ, բախվելով այս Սրբազնագույն Վեմին, ինքը կխորտակվի:

Ձեր սլաքները հեռո՛ւ տարք Հայոց Եկեղեցուց և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից:

Առավել շիտակ, արդար, հայրենաշեն կլինի, եթե դուք իմաստություն, գիտակցություն ու կամք ունենաք և լսեք ձեր քաղաքացիներին, որոնք ձեր առջև արդար ու հիմնավոր խնդիրներ են դնում: Պետության գործիչները պետք է լինեն ԽՆԱՄԱԿԱԼ և բարվոք կառավարեն: Ձեր խոսքերով ու գործելակերպով այդ ամենը չի՛ վկայվում ու չի՛ փաստվում:

Հեռո՛ւ մնացեք Հայոց Եկեղեցուն հարվածելուց (և այդպես մեր ազգի, պետության և ազգային սուրբ արժեքների թշնամիներին ծառայություն մատուցելուց). ի վերջո, դուք էլ եք այդ Եկեղեցու անդամ՝ հոգ չէ, մեղավոր կամ արդար»:

Add new comment