Ալի Բաղերի Քանին և Իգոր Խովաևը քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին Թեհրանում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը՝ դեմ արտահայտվելով տարածաշրջանի գործերում արտաքին խաղացողների միջամտությանը:
«ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ հանդիպմանը ես բացատրեցի Իրանի դիրքորոշումը տարածաշրջանի խնդիրների վերաբերյալ՝ նշելով Կովկասում արտատարածաշրջանային որոշ խաղացողների առկայության ապակայունացնող հետևանքները: Կովկասում խաղաղությունն ու կայունությունը պահպանելու համար անհրաժեշտ են ավելի մեծ համակարգում և համագործակցություն Իրանի, Ռուսաստանի ու տարածաշրջանային այլ կառավարությունների միջև»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը:
Ալի Բաղերի Քանին շեշտել է, որ կովկասյան տարածաշրջանի գործերին արտաքին միջամտության աճը պահանջում է ռազմավարական համակարգում ու մշտական խորհրդատվություն Իրանի և Ռուսաստանի պաշտոնյաների միջև։ Նրա խոսքով՝ կարևոր է առավելագույնս օգտագործել տարածաշրջանային մեխանիզմների ներուժը, ինչպիսին է «3+3» հարթակը՝ արձագանքելու համար տարածաշրջանի առջև ծառացած մարտահրավերներին։
Խովաևն իր հերթին ընդգծել է Մոսկվայի և Թեհրանի տեսակետների նմանությունը Հարավային Կովկասի խնդիրների վերաբերյալ։ Ռուս պաշտոնյան միևնույն ժամանակ նշել է երկու երկրի իշխանությունների միջև սերտ և մշտական փոխգործակցության ու համակարգման անհրաժեշտությունը՝ պայքարելու Անդրկովկասի գործերում արտատարածաշրջանային խաղացողների միջամտության դեմ։
Add new comment