Նոր աշխարհակարգի ձևավորումը որոշակի մարտահրավերներ է պարունակում նաև Հայաստանի համար. փորձագետ
Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Նոր աշխարհակարգի ձևավորումն իր առավել ցայտուն դրսևորումն է ստանում Մերձավոր Արևելքում, ինչը որոշակի մարտահրավերներ է պարունակում նաև Հայաստանի համար:
Վերջերս Սաուդյան Արաբիան հայտարարեց 1974 թ.-ին ԱՄՆ հետ կնքված նավթային համաձայնագիրը չերակարցնելու որոշման մասին, ինչը լուրջ խնդիրներ կարող է ստեղծել Վաշինգտոնի գլխավոր աշխարհաքաղաքական գործիքի՝ դոլլարի համար:
Օրերս էլ հայտնի դարձավ, որ Իրանն ու Բահրեյնը պատրաստվում են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, որոնք խզվել էին դեռ 2016 թ.-ին՝ Վաշինգտոնի ուղիղ ճնշման ներքո:
Հատկանշական է, որ Բահրեյնը Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի առանցքային սաթելիտներից էր: Բավական է նշել, որ Բահրեյնի ջրերում է տեղակայված ԱՄՆ 5-րդ ռազմական նավատորմը:
Թե Ալ-Ռիադի, թե Մանանայի որոշումները կարող են որակվել որպես Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմավարական նահանջ, ինչը հատկապես ընդգծվում է տարածաշրանում Չինաստանի ազդեցության աճի ֆոնին:
Թե իրանա-սաուդյան (2023), թե իրանա-բահրեյնյան հարաբերությունների կարգավորումը փաստացի տեղի է ունենում Պեկինի միջնորդությամբ: Վերջինս, սթափ գիտակցելով Ծոցի երկրների կարևորությունը էներգակիրների մատակարարման հարցում, դինամիկորեն զարգացնում է սեփական արտաքին քաղաքականության մերձավորարևելյան վեկտորը: Սակայն եթե ի սկզբանե այդ վեկտորի սնուցումը տեղի էր ունենում բացառապես գեոտնտեսական միջոցներով, ապա վերջին տարիներին, հատապես՝ 2017 թ.-ից ի վեր, երբ Չինաստանն իր սահմաններից դուրս առաջին ռազմաբազան հիմնեց (Ջիբութի), Պեկինը սկսել է ավելի ներառական մոտեցում դրսևորել՝ հմտորեն կիրառելով դիվանագիտական, լոբբիստական և այլ գործիքներ:
Վիշապն արթնացել է:
Փաստացի այսօր ձևավորվում է մի աշխարհաքաղաքական առանցք, որի ներքո Չինաստանը փորձելու է կյանքի կոչել ՛՛Մեծ Եվրասիա՛՛ նախագիծը: Վերջինիս առանցքային մեգատարածաշրջաններից է Մերձավոր Արևելքը, որի համար պայքարում Պեկինն առայժմ հաղթում է:
Գանք Հայաստան:
Ակադեմիական աշխարհաքաղաքականությունից քիչ թե շատ հասկացող յուրաքանչյուր ոք կհաստատի, որ Մերձավոր Արևելքն ու Հարավային Կովկասն օրգանապես կապված տարածաշրջաններ են, ինչը հատկապես ընդգծվում է իրանական գործոնի լույսի ներքո:
Չինաստանի ակտիվացումը Մերձավոր Արևելքում, որն իրականցվում է Իրանի հետ ռազմավարական երկխոսության խորացման պրիզմայի միջով, լուրջ հենք է ստեղծում նաև հարավկովկասյան ուղղությամբ նույն չինական ներառականության համար:
Պեկինի աշխարհաքաղաքական սխեմաներում Իրանը դիտվում է նաև որպես Հարավային Կովասում չինական շահերի անուղղակի առաջխաղացման դերակատար: Արդյունքում երկու կողմերն էր բավարարված կլինեն. Թեհրանը կստանա ելք դեպի Սև ծով ու կամրապնդվի որպես տարածաշրջանային գերտերություն, Չինաստանն էլ հնարավորություն կստանա նվազեցնելու այս ուղղությամբ Հնդկաստանի աճող ազդեցությունը՝ ներառելով նոր ձևավորվող տրանսպորտային հաղորդակցությունները ՛՛Գոտի և ճանապարհ՛՛ նախաձեռնության մեջ:
Այսպիսի կոնֆիգուրացիայի պայմաններում Հայաստանի համար առանցքային արտաքին ու անվտանգային մարտահրավեր պետք է հանդիսանա Իրանի ու Չինաստանի հետ դիվանագիտական, տնտեսական, մշակութային և այլ ուղղություններով ռազմավարական երկխոսության խորացումը:
Թեև ավելի ճիշտ կլիներ խոսել նշված երկրների հետ ոչ թե երկխոսության խորացման, այլ առայժմ գոնե վերականգնման մասին՝ հաշվի առնելով 2020-ին Հայաստանի միացումը իրենից հակաչինական նախաձեռնություն ներկայացնող կրոնական ազատությունների ալյանսին, ինչպես նաև Իրանի հետ գրեթե բոլոր առանցքային նախագծերի փաստացի սառեցումը»:
Add new comment