Submitted by D.Guyumjyan on
detaq

Իրանում նախագահական ընտրություններին ընդառաջ պահպանողական թեկնածուները միավորվում են

Իրանի Իսլամական Հանրապետությունում վաղը՝ հունիսի 28-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններին ընդառաջ պահպանողական թեկնածուները սկսել են միավորվել։ Այս մասին «‎Դետք»-ը տեղեկանում է իրանական լրատվամիջոցներից։

Հաղորդվում է, որ պահպանողական թեկնածու Ամիր Հոսեյն Ղազիզադե Հաշեմին հրաժարվել է ընտրապայքարից հանուն պահպանողական ճակատի միասնականության։ Վերջինս կոնկրետ թեկնածուի աջակցություն չի հայտնել, միայն հույս է հայտնել, որ մյուս երեք թեկնածուներն էլ նույն կերպ կվարվեն և կամրապնդեն պահպանողականների դիրքերը։

Պահպանողականների մյուս թեկնածուն՝ Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին ևս հրաժարվել է ընտրապայքարից: Նա պահպանողականների 2 առաջատար թեկնածուներին՝ Սայիդ Ջալիլիին և Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆին կոչ է արել միավորվել և թույլ չտալ, որ բարեփոխական Մասուդ Փեզեշքիանը հաղթի։

Վերջին օրերին հրապարակված սոցհարցումների արդյունքներով առաջատարը հենց բարեփոխական Փեզեշքիանն է։ Վերջինիս վարկանիշը քարոզարշավի և հեռուստաբանավեճերի մեկնարկից հետո բավականին աճել է, և եթե Ղալիբաֆն ու Ջալիլին չմիավորվեն, ինչն առ այս պահը տեղի չի ունեցել, ապա դա էլ ավելի կմեծացնի Փեզեշքիանի հնարավորությունները։

Իրանում ամենայն հավանականությամբ նախագահի ընտրությունը կտեղափոխվի երկրորդ փուլ, որտեղ կպայքարեն բարեփոխականներից Փեզեշքիանը, իսկ պահպանողականներից՝ Ջալիլին կամ Ղալիբաֆը։

 

 

Add new comment