Submitted by detq-editor on
«Ճապոնիան վճռական է համագործակցել Հայաստանի հետ հայ-ադրբեջանական խնդիրների լուծման հարցում». ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան

«Ճապոնիան վճռական է համագործակցել Հայաստանի հետ հայ-ադրբեջանական խնդիրների լուծման հարցում». ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան

Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում չլուծված խնդիրները, այդ թվում՝ «խաղաղության» պայմանագրի ստորագրումը և Բերձորի միջանցքի շրջափակումը: Դեսպանը վստահեցրել է, որ Ճապոնիան՝ որպես միջազգային հանրության անդամ, վճռական է համագործակցել Հայաստանի հետ այդ խնդիրների լուծման հարցում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանն այս մասին հայտարարել է Ճապոնիայի կայսր Նարուհիտոյի ծննդյան առիթով հրավիրված ընդունելությանը:

Նա նկատել է, որ Հայաստանը բախվել էր կարևոր մարտահրավերների, ինչպիսիք «Covid-19»-ի դեմ պայքարն ու արտահերթ խորհրդարանական ընտրություններն էին: «Կարծում եմ, որ հայ ժողովուրդը պատշաճ կերպով լուծել է այս խնդիրները: Սակայն, մյուս կողմից, բանակցային գործընթացին զուգահեռ Ադրբեջանի հետ հարաբերություններում մնում են չլուծված խնդիրներ, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը և Լաչինի միջանցքի շրջափակումը»,- ասել է դեսպանը:

Նա վստահություն է հայտնել, որ հայ ժողովուրդն իր հեռատեսությամբ այս հարցերը լուծելու է խաղաղ ճանապարհով: «Որպես միջազգային հանրության անդամ՝ Ճապոնիան վճռական է համագործակցել Հայաստանի հետ այս խնդիրների լուծման հարցում»,- ասել է նա:

Դեսպանը նաև շնորհավորական խոսքեր է ուղղել կայսերը՝ մաղթելով նաև Ճապոնիայի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունների հետագա զարգացում և այս տարածաշրջանում իրական խաղաղության կառուցում:

Add new comment