Աստանայում երկկողմ հանդիպումներ կունենան Ռուսաստանի,Ադրբեջանի, Թուրքիայի նախագահները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Աստանա։ Այս մասին հաղորդում է Կրեմլը։
Ըստ հաղորդագրության՝ Պուտինը կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին։
Այսօր Ռուսաստանի նախագահը մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ։ Սպասվում են նաև բանակցություններ, Ադրբեջանի, Ղազախստանի, Մոնղոլիայի և Պակիստանի ղեկավարների հետ։
Գագաթնաժողվի ընթացքում կքննարկվեն միջազգային և տարածաշրջանային հարցեր։
Շանհայի համագործակցության կազմակերպությունը ( ՇՀԿ) մշտապես գործող միջկառավարական միջազգային կազմակերպություն է, որի ստեղծման մասին հայտարարվել է 2001 թ. հունիսի 15-ին Շանհայում «Շանհայան հնգյակի» պետությունների և Ուզբեկստանի կողմից:
2002 թ. հունիսին ՇՀԿ անդամ պետությունների գագաթնաժողովի ընթացքում ստորագրվեց ՇՀԿ կանոնադրությունը, որը կազմակերպության հիմնական կանոնադրական փաստաթուղթն է` ամրագրելով վերջինիս նպատակները և սկզբունքները, կառուցվածքը և գործունեության հիմնական ուղղությունները:
ՇՀԿ կանոնադրության 16-րդ հոդվածի համաձայն` կազմակերպությունում որոշումներն ընդունվում են կոնսենսուսի հիման վրա:
ՇՀԿ հիմնական նպատակներն են անդամ պետությունների միջև փոխադարձ վստահության և բարիդրացիական հարաբերությունների ամրապնդումը, քաղաքական, առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային, ինչպես նաև կրթության, էներգետիկայի, տրանսպորտի, տուրիզմի, բնապահպանության և այլ ոլորտներում արդյունավետ համագործակցության խթանումը, տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության համատեղ ապահովումն ու պահպանումը, ժողովրդավարական, արդար և ռացիոնալ նոր միջազգային քաղաքական ու տնտեսական կարգի ստեղծման առաջմղումը:
Add new comment