detq

Իրանում այսօր նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանի Իսլամական Հանրապետությունում մեկնարկել է արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը։ Այս մասին «Դետք»-ը տեղեկանում է իրանական լրատվամիջոցներից։

Հաղորդվում է, որ ընտրատեղամասերը բացվել են Իրանի ժամանակով առավոտյան ժամը 8-ին։ Ընտրությունները կտևեն մինչև երեկո, իսկ անհրաժեշտության դեպքում ներքին գործերի նախարարն իրավասու է երկարաձգելու քվեարկության ժամանակը։

Արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում պայքարում են բարեփոխիչ, թյուրքախոս Մասուդ Փեզեշքիանը և միջուկային հարցերով նախկին բանակցող Սայիդ Ջալիլին։ Առաջին փուլում Փեզեշքիանը հավաքել է 42․5 տոկոս, իսկ Ջալիլին՝ 38․6 տոկոս ձայն:

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլից օրեր առաջ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին իրանցիներին հորդորել է ընտրատեղամաս ներկայանալ և ընտրություն կատարել։ Խամենեին ափսոսանք է հայտնել ընտրությունների առաջին փուլին ռեկորդային ցածր մասնակցության համար՝ համոզմունք հայտնելով, որ ընտրողների պասիվությունը չի արտացոլում Իսլամական Հանրապետության ժողովրդականությունը:

«Նրանք, ովքեր սիրում են իսլամը, Իսլամական Հանրապետությունը և երկրի առաջընթացը, պետք է արտահայտեն իրենց վերաբերմունքը՝ մասնակցելով ընտրություններին»,- ասել է Իրանի հոգևոր առաջնորդը։

Հիշեցնենք, որ Իրանում արտահերթ ընտրությունները նշանակվել էին մայիսի 19-ին նախագահական ուղղաթիռի վթարից հետո, ինչի հետևանքով զոհվել էր 8 բաձրաստիճան պաշտոնյա, այդ թվում նախագահ Էբրահիմ Ռայիսին և ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

Add new comment

From the author