Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և թշնամիների ջղաձգումները
Այսօր՝ հուլիսի 5-ին նշվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը։ 29 տարի առաջ՝ 1995 թվականի հուլիսի 5-ին ՀՀ-ում կայացած համաժողովրդական հանրաքվեի արդյունքում ընդունվեց մեր երկրի մայր օրենքը, որը 2005 թվականի նոյեմբերի 27-ին փոփոխությունների ենթարկվեց, իսկ արդեն 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունվեց նոր Սահմանադրություն։
1995-ի Սահմադրությամբ Հայաստանն ընտրել էր ուժեղ նախագահական կառավարման համակարգը, 2005-ի փոփոխություններով նախապատվություն տրվեց կիսանախագահական-կիսախորհրդարանական համակարգին, իսկ 2015-ի հանրաքվեով ՀՀ-ն անցում կատարեց խորհրդարանական կառավարման համակարգի։
Գաղտնիք չէ, որ թուրք-ադրբեջանական տանդեմը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը պայմանավորում է բացառապես մեր երկրին ներկայացված բոլոր պահանջ-վերջնագրերի անվերապահ կատարմամբ։ Բազմիցս առիթներ ենք ունեցել պնդելու, որ դրանց կատարումը ոչ միայն չի նպաստում գործընթացի առաջմղմանը, այլև հանգեցնում է նոր ու ավելի ծանր պահանջների առաջքաշմանը, որոնց կատարումն արդեն կխարխլի հայկական պետականության հիմքերը։
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի թշնամիները ջղաձումներ են ունենում նաև մեր երկրի Սահմանադրության և պետական խորհրդանիշների նկատմամբ՝ պահանջելով փոխել այն։ Դեռևս 2021 թվականի սեպտեմբերի 27-ին՝ Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա ագրեսիայի առաջին տարելիցի օրը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց էր տվել թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությանը և հայտարարել, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար ՀՀ-ն պետք է նոր սահմանադրություն ընդունի։
«Հայաստանի Սահմանադրության տեքստում հղումներ են արվում Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներին: Նրանք պետք է հրաժարվեն դրանից: Նրանք առաջին հերթին պետք է մշակեն և ընդունեն նոր սահմանադրություն: Ինչպե՞ս կարող է Հայաստանի նման թույլ և ամբողջովին քանդված երկիրը տարածքային պահանջներ ներկայացնել այնպիսի հզոր երկրի նկատմամբ, ինչպիսին Թուրքիան է: Դա նման է հոգեկան հիվանդության: Հետևաբար, նրանք պետք է հրաժարվեն դրանից»,- հոխորտացել էր Ալիևը։
Թուրք-ադրբեջանական տանդեմը դժգոհ է հատկապես այն հանգամանքից, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանում հղում է կատարվում 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունված ՀՀ անկախության հռչակագրին, որը Սահմանադրության բաղկացուցիչ մասն է։ Այնտեղ միանշանակ հղում է կատարվում նաև այն դրույթին, որն ասում է. «ՀՀ Սահմանադրությունը սատար է կանգնում Արևմտյան Հայաստանում և Oսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ճանաչմանը և դատապարտմանը»։
Այս փաստաթղթով Հայաստանի՝ որպես պետության հիմնադիր փաստաթղթում պետության ստեղծման հիմնական նպատակներից մեկն ամրագրվել է Հայոց ցեղասպանության դատապարտման և ճանաչման գործընթացին աջակցելու պարտավորությունը։ Սա փաստացի նշանակում է, որ ներկայիս Հայաստանի Հանրապետությունը, չնայած իր սահմանափակ կարողություններին, չի հրաժարվում իր պատմական հայրենիքի՝ Արևմտյան Հայաստանի նկատմամբ իրավունքներից, որոնք կարող է վերականգնել աշխարհաքաղաքական նպաստավոր իրողությունների պայմաններում։
Թուրքիան և Ադրբեջանը բնականաբար այս ամենը շատ լավ գիտակցում են և դրա համար էլ նախքան Հայաստանի հետ հարաբերությունների «կարգավորումը» փորձում են լուծել նաև այս խնդիրը։ Ցավով պետք է արձանագրենք, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները սկսել են նաև թշնամու ներկայացրած այս պահանջը կատարել, ինչի համար էլ խոսում են նոր սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին։
Այս տարվա հունվարի 19-ին ՀՀ արդարադատության նախարարություն կատարած այցելության ժամանակ, ինչպես նաև հաջորդիվ հնչեցրած իր մի քանի հայտարարության մեջ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանը պետք է նոր սահմանադրություն ընդունի, որը երկիրն ավելի ճկուն կդարձնի ներկայիս աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրողությունների պայմաններում։ Ուշագրավ է, որ Կառավարության ղեկավարն ընդգծեց ոչ թե սահմանադրական փոփոխությունների, այլ նոր սահմանադրություն ընդունելու անհրաժեշտությունը։
Փաշինյանի այս հայտարարությունը մեր երկրում սկսեց քննարկվել բացառապես ներքաղաքական համատեքստում. փորձագետները և հասարակ քաղաքացիները փորձում են հասկանալ, թե վարչապետը Սահմանադրության հատկապես որ դրույթներն է ցանկանում փոփոխության ենթարկել, որոնք, իր համոզմամբ, խանգարում են պետության ճկունությանը։
Կարծում ենք, որ Նիկոլ Փաշինյանի այս ցանկությունն իրականում պայմանավորված է արտաքին իրողություններով, մասնավորապես տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու մտադրությամբ, որը նրա գլխավորած կառավարությունը համառորեն առաջ է մղում՝ չնայած Ադրբեջանի կողմից պարբերաբար իրականացվող սադրանքներին և հնչեցվող սպառնալիքներին։ Տևական ժամանակ է, ինչ Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հարցով քննարկումներ են ընթանում, որոնք դեռևս չեն հանրայնացվել և դրվել հանրաքվեի, սակայն շատ հավանական է, որ երբ սահմանադրության նոր տարբերակը պատրաստ կլինի, դրանում կբացակայեն վերոհիշյալ ձևակերպումները, որպեսզի դրանք «չխոչընդոտեն Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը»։
Ինչ վերաբերում է Հայաստանի զինանշանին, ապա Անկարան դժգոհ է, որ դրանում պատկերված է հայերի համար սրբազան Արարատ սարը, որը 1921 թվականին ստորագրված Մոսկվայի ու Կարսի ապօրինի պայմանագրերով է անցել Թուրքիային, իսկ դրանից առաջ երբեք վերջինիս տարածքում չի եղել։ Հարկ ենք համարում հիշեցնել, որ անգամ խորհրդային տարիներին, երբ Հայաստանը զրկված էր ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու իրավունքից, Արարատը պատկերված էր մեր զինանշանի վրա, և այն երբեք չհեռացվեց՝ չնայած Անկարայից մշտապես հնչող պահանջներին ու դժգոհություններին։
Վստահ ենք՝ եթե անգամ Հայաստանը կատարի Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացրած հերթական պահանջները, ապա դրանից հետո նույնպես Հայաստանի հանդեպ այս երկրների դիրքորոշումը չի փոխվելու։ Արցախյան հիմնահարցի ցավոտ օրինակով համոզվել ենք, որ թշնամու առաջ քաշած նախապայմանների կատարումը ոչ միայն չի նպաստելու այդ պահանջների նվազեցմանը, այլև ընդհակառակը, հանգեցնելու է նոր պահանջների ներկայացմանը։
Հատկանշական էր, որ Հայաստանի վարչապետի հիշյալ հայտարարությունից հետո Թուրքիայի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներն այս հարցում կոշտացրին իրենց հռետորաբանությունը և պարբերաբար սկսեցին բարձրաձայնել նշված հարցը։ Սա ևս մեկ անգամ վկայում է, որ թշնամի երկու երկրները չեն ձգտում խաղաղության և հարմար առիթ են փնտրում՝ Հայաստանին նոր պահանջներ ներկայացնելու, ՀՀ ներքին գործերին միջամտելու, իսկ հետագայում ագրեսիայի ճանապարհով մեր երկրից նոր տարածքներ օկուպացնելու համար։
Մտահոգիչ է, որ չնայած հանրության շրջանում առկա դժգոհության ալիքին գործող իշխանությունները չեն հրաժարվում այս քաղաքականությունից և մտադիր են ամեն գնով կատարել այս պահանջը, իսկ դա հանրությանը մատուցում են որպես Հայաստանի Հանրապետության շահերից բխող իրողություն։ Օրերս էլ Ալիևի հայտարարությունից հետո, երբ վերջինս նշել էր, որ խաղաղության պայմանագրի ստորագրումն անհնար է, քանի դեռ ՀՀ Սահմանադրություն չի փոխվել, կառավարության ղեկավարը հանձնարարեց նոր Սահմանադրության նախագիծ մշակել ու մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը հաստատել։
Այսպիսով՝ կարող ենք փաստել, որ ՀՀ Սահմանադրությունը շարունակում է ջղաձգումներ առաջացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրների շրջանում և վերջիններս էլ ձգտում են ամեն գնով հասնել դրա փոփոխությանը։ Թե ինչ զարգացումներ տեղի կունենան առաջիկայում, ու ինչ արդյունքներ կարձանագրվեն սահմադրական փոփոխությունների ժամանակ, դեռևս հայտնի չէ, սակայն միանշանակ է, որ դրանք անօրինական են, ինչպես նաև թշնամիների կողմից միջամտություն՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերին։
Այս ճանապարհով ոչ միայն հնարավոր չի լինելու խաղաղություն հաստատել, այլև այն միայն մեծացնելու է թշնամիների ախորժակը ու նոր պատերազմի վտանգը, հանգեցնելու նոր պահանջների առաջ քաշմանը, ինչին բազմիցս ականատես ենք եղել։
Ցավոք ՀՀ-ում ներկայումս իշխող քաղաքական ուժը այս իրողությունը չի գիտակցում, և շարունակում է թշնամիներին պարբերաբար զիջումներ կատարել, ինչը առաջիկայում մեր երկրի համար միայն նոր խնդիրներ է ստեղծելու։
Add new comment