Submitted by D.Guyumjyan on
դետք

Փեզեշքիանն ադրբեջանական ծագմամբ թուրք է. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը ադրբեջանական ծագմամբ թուրք է։ Ըստ «Դետք»-ի՝ թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին Էրդողանն ասել է Գերմանիայից վերադառնալիս՝ օդանավում լրագրողների հարցերին պատասխանելու ժամանակ։

Թուրքիայի ղեկավարը շեշտել է, որ Փեզեշքիանի հաղթանակից հետո Իրանի հետ հարաբերությունների դրական և ինտենսիվ զարգացում է ակնկալում։

«Մասուդ Փեզեշքիանն իրականում ադրբեջանական ծագմամբ թուրք է, Թավրիզում խոսում է թուրքերեն, բայց երբ գալիս է քրդական շրջաններ, այնտեղ կարող է քրդերեն խոսել: Նա նաև շատ լավ տիրապետում է պարսկերենին։ Ես կզանգահարեմ և կշնորհավորեմ նրան։ Հուսով ենք, որ Թուրքիայի և Իրանի հարաբերությունները ապագայում կբարելավվեն»,- ասել է նա։

Թուրքիայի նախագահի խոսքով՝ Իրանն այն երկիրն է, որի հետ Թուրքիան լավագույն հարաբերություններն ունի տարածաշրջանում։

«Իրանը նաև կարևոր հարևան է, որի հետ մենք պատմամշակութային կապեր ունենք։ Ակնկալում եմ, որ նոր ժամանակաշրջանում Թուրքիայի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունները կզարգանան դրական և արագացող տեմպերով»,- հավելել է նա։

Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին Իրանում տեղի է ունեցել արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որոնցում Իսլամական Հանրապետության նախագահ է ընտրվել բարեփոխիչների թեկնածու, ծագումով թյուրքախոս Մասուդ Փեզեշքիանը՝ ստանալով ձայների 53․6%-ը։

Add new comment