Կիևը հայտնում է, որ հարձակումների ժամանակ Ռուսաստանը նոր մարտավարություն է կիրառում
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ ռուսական զինված ուժերը ռազմական գործողություններում նոր մարտավարություն են կիրառում։ Այս մասին Երմակը գրել է իր տելեգրամյան ալիքում։
Նա հայտնել է, որ Ռուսաստանի զինված ուժերը սկսել են կեղծ թիրախներ օգտագործել՝ Ուկրաինայի հակաօդային պաշտպանությանը շեղելու համար։ «Ռուսները որոշակիորեն փոխել են մարտավարությունը։ Նրանք ակտիվ հետախուզություն են իրականացնում, կեղծ թիրախներ են օգտագործում»,- գրել է Երմակը։
Վերջինս շեշտել է, որ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգը թիրախների մեծ մասը խոցել է։ Նա նաև խոստովանել է, որ ռուսական ուժերին հաջողվել է թիրախներ խոցել երկրի հյուսիսային և արևմտյան հատվածներում, ինչպես նաև Դնեպրոպետրովսկի և Կիրովոգրադի շրջաններում։
Նշվում է, որ փետրվարի 16-ի գիշերը Ուկրաինայի ողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել։
Add new comment