Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան կարգավորման գործընթացները կնպաստեն տարածաշրջանային կայունությանը և բարօրությանը. Չավուշօղլու
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայաստանի,
Թուրքիայի և Ադրբեջանի միջև ընթացող կարգավորման գործընթացը կնպաստի տարածաշրջանում
կայունության և բարօրության հաստատմանը: Ինչպես հայտնում է թուրքական պետական «Անադոլու»
լրատվական գործակալությունը, Չավուշօղլուն այս մասին ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Թուրք պաշտոնյան շեշտել է, որ տարածաշրջանում շարունակվում է հարաբերությունների կարգավորման
գործընթացը, որին կնպաստի այս օրերին առկա համագործակցությունը։
«Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացները, կարծում եմ, նպաստելու են մեր տարածաշրջանում կայունության և բարօրության հաստատմանը»,- ասել է նա։
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտնել է, որ երեք երկրներն իրենց
անկեղծ քայլերով կարող են մշտական կայունություն հաստատել տարածաշրջանում։ Նրա խոսքով՝ արդեն տեղեկություններ են ստացել նաև հայ-ադրբեջանական բանակցությունների մասին։
Թուրքիայի արտգործնախարարը հավելել է, որ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերից
մեկը պատմական Մետաքսի ճանապարհի կամրջի վերակառուցումն է։ Չավուշօղլուն նշել է, որ այս
ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, և կողմերը համաձայնվել են իրենց քայլերն արագացնել։
Add new comment