Submitted by detq-editor on
դետք

Ադրբեջանը և Պակիստանը շարունակում են ընդլայնել իրենց բազմաոլորտ համագործակցությունը

Հուլիսի 11-ին Իսլամաբադում մամուլի համար հայտարարություններով հանդես են եկել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը և Պակիստանի Իսլամական Հանրապետության վարչապետ Մոհամմեդ Շահբազ Շարիֆը:

Իլհամ Ալիև

1․ Մենք աջակցում ենք միմյանց յուրաքանչյուր գործում, ցանկացած միջազգային կազմակերպությունում, յուրաքանչյուր միջազգային հարցում։

2․ Պակիստանը մի երկիր է, որը Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի հենց օկուպացիայի պատճառով։ Երբ մենք տոնում էինք մեր հաղթանակը 2020 թվականի նոյեմբերին, մեր ժողովուրդը ձեռքին ուներ Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի դրոշները։

3․ Մենք արդեն քննարկել ենք մի շարք նախագծեր էներգետիկայի, ենթակառուցվածքների, տրանսպորտի և այլ ոլորտներում, այդ թվում՝ պաշտպանական արդյունաբերության։ Այսպիսով՝ մենք կառուցելու ենք ամուր գործընկերային հարաբերություններ ոչ միայն քաղաքական մակարդակում, այլև տնտեսության, առևտրի և ներդրումների ոլորտներում:

 

#Դետքի_հետագծով

Պակիստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. հունիսին՝ այն բանից հետո, երբ 1991 թ. դեկտեմբերի 12-ին Պակիստանը Թուրքիայից և Ռումինիայից հետո ճանաչեց Ադրբեջանի անկախությունը։ 

Միջազգային հարթակներում Պակիստանը մշտական իրավաքաղաքական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին՝ Արցախյան հակամարտության, Խոջալուի հարցերում։ Ադրբեջանն իր հերթին շարունակում է աջակցել Պակիստանին Ջամուի և Քաշմիրի հակամարտության հարցում՝ ընդդեմ Հնդկաստանի։

Հայաստանի Հանրապետության և Պակիստանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատված չեն:

Հայաստանը դիվանագիտական կապերի մեջ է Հնդկաստանի հետ և Քաշմիրի վիճելի երկրամասը համարում է Հնդկաստանի անբաժան մաս։

Պակիստանը միակ երկիրն է աշխարհում, որը չի ճանաչում Հայաստանը՝ որպես պետություն, այն դեպքում, երբ Հայաստանը ճանաչում է Պակիստանը։

Պակիստանն ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչպես Արցախյան ազատամարտի ընթացքում, այնպես էլ դրանից հետո։ Պակիստանը չի ընդունում նաև 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը։

Add new comment