Մոսկվան շահագրգռված է, որ առկա բարդությունների շրջանը արագ ավարտվի․ Գալուզինը՝ հայ-բելառուսական հարաբերությունների մասին
Ռուսական կողմը շահագրգռված է, որ Երևանի և Մինսկի միջև առկա բարդությունների շրջանը հնարավորինս արագ ավարտվի։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը մտադիր է մասնակցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև հակամարտության կարգավորմանը, նա նշել է․ «Ցավոք, մեզ համար դժվար է բացատրել այն կոշտ դիրքորոշումը, որ որդեգրել են Հայաստանի իշխանությունները բելառուս գործընկերների նկատմամբ»:
Գալուզինի խոսքով՝ Ալեքսանդր Լուկաշենկոն միշտ ընդգծել է Մինսկի շահագրգռվածությունը կայուն և անվտանգ Հարավային Կովկաս ունենալու հարցում։ Նույնիսկ ամենադժվար ժամանակներում Բելառուսի ղեկավարի նախաձեռնություններն ուղղված էին հենց պատերազմող կողմերին հաշտեցնելուն։
«Մինսկը և Երևանը դաշնակիցներ են, որոնց հետ մենք զարգացնում ենք բազմակողմ համագործակցություն։ Հայաստանը և Բելառուսը ԱՊՀ, ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ են»,- նշել է նա։
Ըստ ՌԴ փոխարտգործնախարարի՝ «Մոսկվան շահագրգռված է, որ մեր ընկերների միջև առկա բարդությունների շրջանը հնարավորինս արագ ավարտվի»։
«Ամեն դեպքում մենք հուսով ենք, որ ժամանակավոր տարաձայնությունները բացասաբար չեն ազդի ընդհանուր ինտեգրացիոն ասոցիացիաների շրջանակում փոխգործակցության խթանման վրա,- նշել է Գալուզինը, ապա հավելել,- մենք կոչ ենք անում երկու մայրաքաղաքներին էլ նայել հորիզոնից այն կողմ, գիտակցել այն պահի կարևորությունը, երբ ի հայտ են գալիս նոր աշխարհակարգի ուրվագծերը, որի կառուցման մեջ մենք կցանկանայինք տեսնել ոչ միայն Մինսկը, այլև Երևանը»։
Add new comment