ՀՀ-ն ձեռնպահ է քվեարկել ՄԱԿ-ի հակառուսական բանաձևին
«Factor.am». ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը բանաձև է ընդունել Ուկրաինայի միջուկային օբյեկտների, այդ թվում՝ Զապորոժիեի ատոմակայանի տեխնիկական և ֆիզիկական անվտանգության մասին։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 99 երկիր, 9 պատվիրակություն դեմ է քվեարկել, 60-ը ձեռնպահ են մնացել, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
Հայաստանը ձեռնպահ է քվեարկել։ ՀՀ հարևան երկրներից ձեռնպահ է մնացել նաև Իրանը, Ադրբեջանը չի մասնակցել քվեարկությանը, Թուրքիան և Վրաստանը կողմ են քվեարկել։
Բանաձևը Ռուսաստանից պահանջում է «դադարեցնել Ուկրաինայի դեմ ագրեսիան» և «անվերապահորեն դուրս բերել իր բոլոր զինված ուժերն այս երկրի տարածքից՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններով»։
Ըստ dpa գործակալության՝ թեև 99 երկրների հաստատումը սովորաբար համարվում է հաջողված բանաձևերի համար, Ուկրաինայից ռուսական զորքերի դուրսբերման վերաբերյալ նախորդ բանաձևը հավաքել էր ավելի քան 140 կողմ ձայն։
Փաստաթղթում առանձին պահանջ կա, որպեսզի Ռուսաստանի Դաշնությունը շտապ դուրս բերի իր զինվորականներին և այլ չարտոնված անձնակազմին Զապորոժիեի ատոմակայանից և անմիջապես վերադարձնի կայանը Ուկրաինայի ամբողջական վերահսկողությանը:
ՌԴ-ին նաև կոչ է արվել համագործակցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ, քանի դեռ կայանը չի վերադարձվել ուկրաինական ամբողջական հսկողությանը, և անհապաղ հեռացնել հակահետևակային բոլոր ականները, որոնք տեղադրված են ԱԷԿ-ի տարածքում։
Add new comment