Իրանը մեծ նշանակություն է տալիս Չինաստանի հետ կապերի զարգացմանը. Աբդոլլահիան
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Իրանը մեծ նշանակություն է տալիս Չինաստանի հետ հարաբերությունների զարգացմանը: Ինչպես հաղորդում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը, այս մասին Աբդոլլահիանն ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանգի հետ հանդիպման ժամանակ։
Աբդոլլահիանը շեշտել է, որ Իրանը պատրաստ է աշխատել Չինաստանի հետ՝ երկու նախագահների ձեռք բերած կարևոր կոնսենսուսը կյանքի կոչելու և երկու երկրների համապարփակ համագործակցության ծրագրի հարցում ավելի մեծ արդյունքների հասնելու համար։
Ցին Գանգը, իր հերթին, նշել է, որ Չինաստանը և Իրանը պետք է շարունակեն աջակցել միմյանց հիմնական շահերին վերաբերող հարցերում։ Նա հայտնել է, որ երկու նախագահների անցկացրած արդյունավետ բանակցությունները հանգեցրել են լայն և կարևոր կոնսենսուսի, կարևոր ռազմավարական ուղղորդում են տվել և ուժեղ խթան են դարձել երկկողմ հարաբերությունների զարգացման համար։
Չինաստանի արտգործնախարարի խոսքով՝ երկու կողմերը միջազգային և տարածաշրջանային հարցերում պետք է ամրապնդեն համակարգումը և համագործակցությունը, համատեղ ջանքեր գործադրեն տարածաշրջանում կայուն խաղաղություն ու կայունություն հաստատելու և զարգացող երկրների ընդհանուր շահերն ու միջազգային արդարությունը պահպանելու համար։
Նա հավելել է, որ Չինաստանը կշարունակի նպաստել իրանական միջուկային խնդրի քաղաքական և դիվանագիտական կարգավորմանը՝ շահագրգիռ կողմերին կոչ անելով ակտիվ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ:
Add new comment