Submitted by D.Guyumjyan on
դետք

Իրանի հետախուզությունը ձերբակալել է Քերմանի ահաբեկչության կազմակերպիչներից մեկին

Իրանի Իսլամական Հանրապետության հետախուզության նախարարությունը ձերբակալել է հունվարի 3-ին Իրանի հարավային Քերման նահանգում իրականացված և մոտ 100 մարդու կյանք խլած ահաբեկչության հիմնական հանցակիցներից մեկին։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը։

Նախարարությունից հայտնել են, որ իրանական հետախուզական ուժերը ձերբակալել են Աբդուլլահ Քվետին և տարել Իրան՝ նրան բնութագրելով որպես հունվարի սկզբին Քերմանում մահացու ահաբեկչությունը կազմակերպող և ղեկավարող հիմնական տարրերից մեկը:

Նշվում է, որ ձերբակալվածից ստացված հետախուզական տվյալների շնորհիվ Իրանին հաջողվել է խափանել թաքֆիրական մի քանի այլ խմբավորումների կազմակերպած ահաբեկչական դավադրություններ և բացահայտել բազմաթիվ այլ ահաբեկիչների ու նրանց թաքստոցները:

Հայտարարության մեջ միաժամանակ նշվում է Իրանի նախագահական վերջին ընտրությունների ժամանակ դիվերսիոն գործողությունների դիմելու ահաբեկիչների փորձերի ակտիվացման մասին։

Ընդգծվում է նաև, որ նախարարության՝ ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը միայն մայիսի 21-ից հուլիսի 5-ը հայտնաբերել է ահաբեկչական բազմաթիվ բջիջներ և նրանց հետ անմիջական կապի հաստատման 79 փաստ։

Գործողությունների ընթացքում ձերբակալվել են տասնյակ ահաբեկիչներ, նրանց կողմնակիցներ և նրանց զենք ու զինամթերք մատակարարող տարրեր, առգրավվել են 560 տարբեր ինքնաձիգ, մոտ 42 հազար փամփուշտ, ինը ռումբ և ռումբերի պատրաստման մեջ կիրառվող բազմաթիվ նյութեր։

Հետախուզական ուժերը միաժամանակ բացահայտել և բռնել են վերջերս Իրան ներթափանցած մի շարք ահաբեկիչների, ինչպես նաև քրեական անցյալ ունեցող մի շարք տարրերի, որոնց հանձնարարված էր մահապարտ գործողություններ իրագործել Իրանում: Ըստ նախարարության զեկույցի` ահաբեկիչները հիմնականում կենտրոնացել են Թեհրան, Ալբորզ, Ղազվին, Ռազավի Խորասան, Ֆարս, Սիստան և Բելուջիստան, Հորմոզգան և Բուշեր օսթաններում (նահանգ)՝ ահաբեկչություններ իրականացնելու նպատակով։

Add new comment