Ամրապնդվում են ՀՀ–ում. փորձագետը` ԱՄՆ պաշտոնյաների հաճախակի այցերի մասին․ «Sputnik Արմենիա»
ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հաճախակի այցելությունները Հայաստան վկայում են այն մասին, որ ՀՀ իշխանությունները քաղաքական առումով իրենց առջև վերակողմնորոշվելու ռազմավարական խնդիր են դրել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ, անվտանգության ոլորտի փորձագետ Դավիթ Հարությունովը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի սկզբին Երևանում էր ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակությունը, որին հաջորդեց ԱՄՆ ՄԶԳ նախագահ Սամանտա Փաուերի այցը Հայաստան։ Դրանից հետո հայտնի դարձավ, որ հուլիսի 13–16–ը ՀՀ–ում է գտնվելու պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան:
Հարությունովի խոսքով` այն պայմաններում, երբ ՀՀ իշխանությունները ցանկանում են քաղաքական ուղղվածությունը փոխել դեպի Արևմուտք, ԱՄՆ–ն նման այցերի միջոցով փորձում է առավելագույնս ամրապնդվել Հայաստանում՝ հաստատելով իր դիրքերը թե պետական, թե հասարակական հատվածներում, բարելավելով իր վարկանիշը հայ հասարակության մեջ։
Փորձագետը համոզված է` Արևմուտքը և, մասնավորապես, ԱՄՆ–ն պատրաստ չեն կասեցնել Հայաստանի համար առկա բոլոր մարտահրավերներն ու խնդիրները, որքան էլ այստեղի ղեկավարությունը ձգտի ցույց տալ իր հավատարմությունն արևմտամետ ուղղությանը։
Ըստ Հարությունովի` չպետք է մոռանալ նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև պահպանվող համակարգային խորը կապերի մասին. որքան էլ ՀՀ իշխանությունները վերակողմնորոշվելու ռազմավարական խնդիր են իրենց առջև դրել, այնուամենայնիվ, փորձագետը նրանց գործողություններում մանևրելու տարրեր է տեսնում։ Նա կարծում է, որ այդ մարտավարությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ պահպանվում են Ռուսաստանի հետ սերտ կապերը, իսկ Արևմուտքը պատրաստ է միայն սահմանափակ ծավալով ստանձնել Հայաստանի խնդիրների լուծման պատասխանատվությունը։
«ՀՀ–ի համար տնտեսականից առավել կարևոր են անվտանգային խնդիրները, ու քաղաքական կուրսի փոփոխության դրդապատճառն էլ հիմնականում անվտանագային խնդիրներն էին։ Ընդհանրապես, ես կարծում եմ, որ ՀՀ–ն կկողմնորոշվի ուժային այն կենտրոնի վրա, որը այս պահին իր անվտանգային խնդիրները ինչ–որ կերպ կլուծի»,– նշեց փորձագետը։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Add new comment